Մշակույթ - Համահայկական նվագախումբ` աշխատելու և մեր մասին աշխարհին բարձրաձայնելու առաքելությամբ

Ս. թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ մշակույթի նախարարությունում  տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Համահայկական նվագախմբի ստեղծմանը: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: ՀՀ մշակույթի նախարարը ողջունել և շնորհավորել է բոլորին, քանի որ, նախարարի խոսքով` Համահայկական նվագախմբի գաղափարն իրականություն է: Ա. Ամիրյանի դիտարկմամբ` Համահայկական նվագախմբի հիմնական գաղափարը միասնականությունն է: Այդ առումով նվագախմբի` ապրիլի 24-ին կայանալիք առաջին համերգը ևս խորհրդանշական է, քանի որ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայ երաժիշտներն առիթ կունենան հայրենիքում համախմբվելու, տեղի երաժիշտների հետ համերգներով հանդես գալու: Նվագախումբը կղեկավարեն էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը և Սերգեյ Սմբատյանը: Նվագախումբը մշտական կազմ չի ունենա, այլ` համերգից-համերգ կփոփոխվի: Արդեն իսկ գաղափարի շուրջ համախմբվել են 50 երաժիշտներ` եվրոպական մի շարք երկրներից, ԱՄՆ-ից, Սիրիայից: Համահայկական նվագախումբը կկատարի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ա. Տերտերյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան և այլ կոմպոզիտորներ: «Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել նվագախմբի առաջին` ապրիլ քսանչորսյան ելույթը»,- ասել է նախարար Ա. Ամիրյանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի ներկայացմամբ` նվագախմբի համալրման հարցը գրեթե լուծված է, այժմ ընթանում է մենակատարների հայտագրման փուլը: Նվագախմբի համերգային ծրագրերը կշարունակվեն արտերկրի հայաշատ քաղաքներում, մասնավորապես` Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Թեհրանում, Բեյրութում:
Ի հավելումն` նախարար Ա. Ամիրյանը նշել է, որ Համահայկական նվագախումբը ստեղծվել է աշխատելու և մեր մասին աշխարհին բարձրաձայնելու առաքելությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ