Տնտեսություն - Քննարկվել են Երևանի և իրանական քաղաքների միջև զբոսաշրջության խթանման հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի և ներդրումների վարչությունների ներկայացուցիչները հանդիպել են ԻԻՀ մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջային կազմակերպության հետ համագործակցող առևտրային կազմակերպությունների և գործարարների պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ով քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին, ներկայացրել է Երևանի զբոսաշրջային միջավայրն ու ներուժը, ինչպես նաև քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է խթանել Երևանում միջոցառումային զբոսաշրջությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին:
Միևնույն ժամանակ քաղաքապետի օգնականը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է զբոսաշրջային և գործարար կապերի հաստատման շրջանակում քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իրանցի գործարարները նշել են, որ տպավորված են Երևանի դինամիկ զարգացումով, ինչպես նաև երևանցիների հյուրընկալությունից և մատնանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող է ձևավորվել փոխշահավետ համագործակցություն: Այդ համատեքստում քննարկվել է նաև վերջին տարիներին հատկապես գարնանը նկատվող իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը Երևան, ինչի հետ կապված Մարիա Բարաղամյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է ավելի սերտ համագործակցելու իրանական կողմի հետ՝ զբոսաշրջիկների հանգիստն առավել համակարգված կազմակերպելու նպատակով: Բացի այդ, ներկայացվել են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն էլ իր հերթին ներկայացրել է Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերն ու փոխգործակցության արդյունավետ օրինակները:
Կողմերը պայմանավորվել են երկուստեք փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով առաջիկայում փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ