Պաշտոնական - Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին: Այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ:
Արդարադատության նախարարը, ներկայացնելով հիմնական նորամուծությունները, նշել է, որ նախագծով լրացվել է գործող օրենքի բացը և սահմանվել են Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները: Նախագծով ամրագրվել է նաև անկախ մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու պաշտպանի լիազորությունը: «Մենք նախատեսել ենք նաև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ուղարկելու պարտադիր պայմանը, որը միտված է ապահովելու պաշտպանի պատշաճ դերակատարությանը՝ ոլորտային օրենսդրության մշակման փուլում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարն անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնք կատարվել են նախագծում՝ հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, ինչպես նաև նախագծի՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, նախագծում հստակեցվել են Պաշտպանի՝ որպես Օմբուդսմենի, և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի հատուկ գործառույթները, ավելացվել է թափանցիկության սկզբունքը, ինչպես նաև համապատասխան երաշխիքներ են սահմանվել պաշտպանի ֆինանսական անկախության հարցում:
Ելույթի ավարտին նախարարը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական այս օրենքի ընդունմամբ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը կունենա առավել լավ և արդյունավետ գործիքներ սահմանադրական իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ