Մամուլ - Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավ-արևելյան սահմանագոտի, այնուհետև Արցախ

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը:

Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Հանրապետության Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետև ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ