Տնտեսություն - ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին ԱԶԳ գրասենյակի նորանշանակ ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, նախկին ղեկավար Գյունթեր Ցիմմերը և այլ պաշտոնատար անձինք:

 

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նախարարը շնորհակալություն է հայտնել Գյունթեր Ցիմմերին կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար, ինչպես նաև շնորհավորել է  Գործակալության նորանշանակ ղեկավարին` հույս հայտնելով, որ  երկկողմ  արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

 

«Մենք բարձր ենք գնահատում և երախտապարտ ենք Ավստրիայի զարգացման գործակալությանը Հայաստանում  իրականացվող օժանդակության ծրագրերի համար: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` տարեցտարի զարգացել գյուղատնտեսությունը, և վստահ եմ, որ կշարունակենք այս ուղղությամբ համագործակցությունը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

 

Իր հերթին Գյունթեր Ցիմմերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` քառամյա արդյունավետ համագործակցության համար:

 

Գրասենյակի նորանշանակ ղեկավար Գերհարդ Շաումբերգերը վերահաստատել է Ավստրիայի զարգացման գործակալության պատրաստակամությունը երկկողմ փոխգործակցության խթանման հարցում` ընդգծելով,  որ գյուղատնտեսությունը կշարունակի մնալ հայ-ավստրիական տնտեսական համագործակցության կենտրոնական ուղղությունը:

 

Նախարարը մասնավորապես կարևորել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում իրականացնելու Գործակալության նախաձեռնությունը, որի արդյունքների հրապարակումը նախատեսված է դեկտեմբերի 23-ին` ընդգծելով, որ դա խիստ անհրաժեշտ և սպասված ծրագիր էր, որը հիմք կհանդիսանա ՀՀ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի նախագծման համար, ինչպես նաև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը և Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD)  ծրագրի համաֆինանսավորումը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:  

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ