Կրթություն - Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

Շնորհավորելով մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նշել է, որ հիացած է աշակերտների ստեղծագործական ներուժով: «Մարդկային կատարելությունը սահման չունի, և պետք է անել հնարավորը, որ մեր աշակերտները հասնեն ավելի մեծ բարձունքների»,-նշել է Սփյուռքի հետ կապերի բաժնի պետը` այս հարցում ընդգծելով ինչպես աշակերտների ծնողների և ուսուցիչների, այնպես էլ Գեղագիտության ազգային կենտրոնի անձնակազմի դերը:

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն իր հերթին նշել է, որ վերջին տարիների ընթացքում աճել է փառատոնի նշանակությունը` հատկապես Սփյուռքում: «Այս մրցույթ-փառատոնը ոչ միայն յուրատեսակ ստուգատես է Գեղագիտության ազգային կենտրոնի համար, այլ հզոր խթան` սփյուռքահայ մեր դպրոցականների համար: Եվ այդ աճն ակնհայտ է»,-նշել է Լևոն Իգիթյանը` առաջարկելով հետագա տարիներին մրցույթն անցկացնել միայն սփյուռքահայ դպրոցականների շրջանում, իսկ Հայաստանում այն պահպանել փատատոնի ձևաչափով:

Նշենք, որ 2010 թվականից անցկացվող Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ միջոցառումն է, որի նպատակն է` նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը:

Այս տարվա միջոցառման ուսումնադաստիարակչական խնդիրն էր նորովի բացահայտել միջնադարյան Հայաստանի մշակույթի երկու բնագավառների` ժողովրդական բանահյուսության ու մանրանկարչության կապը: Մասնակիցներից ակնկալվում էր գեղարվեստական անդրադարձ մանրանկարչական առանձին դպրոցների պատմությանը, մանրանկարիչների կերպարներին, տառերի պատկերներին, ինչպես նաև գրավոր մշակույթին:

2016թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Նիդեռլանդներ, Իսպանիա, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրաք, Իրան, Լիբանան) 10 երկրների 107 հաստատության շուրջ 1100 աշխատանք: Երկրորդ փուլի համար ընտրվել և ցուցադրվել է շուրջ 180-ը:

Մրցույթի երկրորդ փուլը, որի արդյունքում կհայտարարվեն վերջնական հաղթողները, կամփոփվի հունվար ամսին: Հաղթողները կպարգևատրվեն մրցույթ-փառատոնի փակման պաշտոնական հանդիսության ժամանակ: Լույս կտեսնի ցուցահանդեսի աշխատանքների հանդես, որը կտրամադրվի երկրորդ փուլ անցած բոլոր մասնակից երիտասարդ նկարիչներին և հաստատություններին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ