Մշակույթ - Կայացել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016»-ի մրցանակաբաշխությունը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը կազմակերպված «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016 »-ը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ, որն ի հայտ է բերել տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները: Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մասնակիցներին` քաղաքապետի տեղակալը նկատել է, որ աշխարհահռչակ մասնագետների գիտելիքներն ու խորհուրդները լավ հիմք կհանդիսանան առաջիկայում մայրաքաղաքում նոր ու ժամանակակից լուծումներով գովազդներ տեսնելու համար:
Այնուհետ մեկնարկել է բուն մրցանակաբաշխությունը: «Կրեատիվ մոտեցում» անվանակարգում հաղթել է «Outdoor Effect» ընկերության «Հայելի» աշխատանքը, «Լավագույն գովազդային ակցիա» անվանակարգում լավագույնը «Doping» ընկերության «Տպագիր արշավն» էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, «Նոր շունչ» անվանակարգում ուժեղագույնն էր «Mediavest» ընկերության «Ferrero Rocher»-ի «Ձնագունդ» ստեղծագործությունը, «Լավագույն ադապտացիա» անվանակարգում հաղթողի տեղը թափուր է մնացել, «Լավագույն գովազդային կրիչ» անվանակարգում էլ հաղթել է «Outdoor Effect» ընկերությունը` տրանսպորտի կանգառասրահի ձևավորման համար:
Հատուկ անվանակարգ էր սահմանվել Երևանի քաղաքապետարանի լավագույն գործընկերոջ համար, որին արժանացել են չորս ընկերություններ, իսկ սոցիալական լավագույն գովազդ անվանակարգում հաղթանակը շնորհվել է երկու ընկերությունների: Դրանցից մեկը «Դոպինգ» ընկերությունն էր, երկրորդը` հանրային քվեարկությամբ`«Bigboard» ընկերությունը` «Մի գերազանցիր արագությունը» աշխատանքով:
Նախապես չհայտարարված ու անակնկալ դարձած «Պրոմեթևս» անվանակարգում հաղթել է «Դոպինգ» ընկերությունը` «Պահպանենք կենդանիներին» ակցիայով: Այս ընկերությունը հնարավարություն կստանա իր և պատվիրատուի կողմից չօգտագործած սոցիալական գովազդ-աշխատանքը 2017 թվականին քաղաքապետարանի միջոցներով տեղադրելու գովազդային կրիչների վրա: Շնորհակալագրերով պարգևատրվեցին փառատոնի աջակից բազմաթիվ ընկերություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ