Մամուլ - Դուք, իհարկե, հայտնի տնտեսագետ եք, վստահ եմ, որ ձեր հաշվարկներով՝ այդ խնդիրը լուծվում է. Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով Հ. Բագրատյանին

«Կարո՞ղ եք ինձ  ասել տարբերությունը հիմնադրամի և ներդրումային ֆոնդի»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման հարցով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

«Ես, իհարկե, գտնում եմ, որ պետք է լուծել այդ խնդիրները, ու ես գտնում եմ, որ դա պետք է արվի բյուջեից։ Ինչպե՞ս է վերաբերվում ձեր նախարարությունն իմ առաջարկին, որն ասում է՝ դեռևս չմահացած և դեռևս չվիրավորված զինվորն ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում՝ ուժի մեջ թողնելով պարտադիր զինածառայության թեզը։ Ինչո՞ւ մենք նույն ձևով չենք մտահոգվում ողջերի մասին»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Վ. Սարգսյանը նախ՝ անդրադարձավ ժամկետային զինծառայողներին աշխատավարձեր տալու գաղափարին՝ նկատելով, որ այժմ կա ժամկետային զինծառայողների  համար սահմանված որոշակի նվազագույն վճար. «Որը, իհարկե, շատ ավելի փոքր է, քան ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի, որ լիներ։ Եթե Դուք՝ որպես ԱԺ  պատգամավոր, առաջարկեք մտցնել նվազագույն աշխատավարձ յուրաքանչյուր զինվորին, ես պատրաստ եմ  ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ փողը և որոնելու, և վճարելու առումով։ Ես միայն երջանիկ կլինեի, որ ժամկետային զինծառայողն իմանա, որ իր ծառայության ընթացքում ինքը կամ իր ընտանիքը ստանում է  այդ նվազագույն 55 հազար դրամը, որն օգնում է  նրանց որոշակի խնդիրներ լուծել։ Եթե դուք կարողանաք դա անել, ես մեծ ոգևորությամբ ձեզ հետ համահեղինակ կլինեմ, մնում է միայն աղբյուրը գտնենք՝ բյուջեում կամ որևէ այլ տեղ»։

Խոսելով նաև հիմնադրամի և ներդրումային ֆոնի տարբերությունների մասին՝ նախարարը նկատեց, որ օրենքներում հստակ տարբերակված է այդ երկուսի տարբերությունները. «Ներդրումային ֆոնդն ունի բացարձակ այլ խնդիրներ, հիմնադրամը՝ այլ, բայց դա չի նշանակում, որ հիմնադրամը չի կարող իր ունեցած միջոցները կառավարել, այդ թվում նաև՝ ներդնելով արժեթղթերի մեջ։ Մեր օրենսդրությունը հստակ թույլ է տալիս հիմնադրամին նման գործառույթ իրականացնել»։

Հ. Բագրատյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ ինքը չի առաջարկել զինվորին տալ նվազագույն աշխատավարձ, այլ ինքն առաջարկել է տալ միջին աշխատավարձ. «4-րդ տարին է՝ արվում է այդ առաջարկը։ Քանի որ ես ընդդիմադիր պատգամավոր եմ, գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչինչ չի փոխվում։ Որտեղի՞ց վերցնենք, 46 միլիոն Ֆինանսների նախարարությունը ծախսել է՝ կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում, բա, Կենտրոնական բանկի 150 միլիո՞նը,  բա մոտավորապես 1000 ավելորդ մեքենա՞ն…»։

«Դուք, իհարկե, հայտնի տնտեսագետ եք, վստահ եմ, որ ձեր հաշվարկներով՝ այդ խնդիրը լուծվում է։ Եթե դուք նման հաշվարկ ներկայացնենք, ես իրոք պատրաստ եմ այդ հաշվարկի վրա աշխատել»,- ասաց Վ. Սարգսյանը՝ պատասխանելով Հ. Բագրատյանին։

 

 

Նյութը` 168 ժամ֊ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ