Տնտեսություն - Ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին. Վովա Վարդանով

«Հիմարություն կլինի իմ կողմից, եթե ես դրա մասին վատ բան ասեի, որովհետև ես արդեն 10 տարի է՝ ասում եմ, որ ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծով քաղաքացիներն իրենց աշխատավարձից ամսական 1000 դրամ կվճարեն հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները: Նվազագույն աշխատավարձ ստացողները վճարումներ չեն անի:

«Ով չի գնում ծառայության, պետք է հսկայական գումարներ վճարի, ոչ թե հազար դրամ։ Զինվոր չես ուզում լինել, զինվորին կերակրի»,- հայտարարեց Վ. Վարդանովը։

Ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ համաձայնվեց, որ պետք է վճարել այդ 1000 դրամներ. «Ժողովուրդը հիմա գանգատվում է, որ ալան-թալան է, բայց դրա ժամանակը չէ, մենք այս պահին ունենք հաշմանդամներ, վիրավորներ, որոնք նյութական կարիք ունեն։ Եկեք այս 1000 դրամը տանք, ժողովուրդ ջան, հետո աչալուրջ լինենք, պայքարենք, եթե գողություն կա, եթե թալան կա»։

Վ. Վարդանովն ասաց, որ ինքը 1000 դրամի կողմնակիցը չէ, կողմնակիցն է ինչ-որ տոկոսի, այսինքն՝ աշխատավարձի ինչ-որ տոկոսը լինի այդ գումարը։

 

Նյութը` 168 ժամ֊ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ