Տնտեսություն - Նախկինում կառավարությունը թերացել է իր գործում եւ չի փորձել վերլուծելով հասկանալ՝ գները պետք է բարձրացնե՞լ, թե՞ ցածրացնել. Թաթուլ Մանասերյան

Արդեն հայտնի է, որ 2017 թվականի հունվարի 1-ից կիջնի գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի գինը։ Սրան զուգահեռ, 2017 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը Երեւանում եւ 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի: Թե ինչով են պայմանավորված այս գնանկումներն ու գնաճը, փորձեցինք պարզել՝ զրուցելով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

Մանասերյանի խոսքով՝ մինչեւ օրս էլ այս բոլոր սակագները նվազման միտում ունեին։ «Նախկինում կառավարությունը թերացել է իր գործում եւ չի փորձել վերլուծելով հասկանալ՝ գները պետք է բարձրացնե՞լ, թե՞ ցածրացնել։ Ես բազմիցս նշել եմ, իսկ նախորդ տարի հուլիսին հաշվարկներ եմ ներկայացրել, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազման լուրջ հնարավորություն ունի։ Բարեբախտաբար, այսօր կառավարությունը վերանայեց այդ ամենը։ Նույնն էլ վերաբերում է գազին։ Միշտ պետք է հաշվետվություն ներկայացնել, թե ինչի հաշվին է ձեւավորվում սակագինը։ Այսինքն՝ ինքնարժեքի հստակ պատկերացում պետք է լինի, որին, բնականաբար կավելացվի շահույթը, եւ սրանց հանրագումարից կձեւավորվի սակագինը»։

Ինչ վերաբերում է ջրի գնի բարձրացմանը, Մանասերյանը նշում է․ «Ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Ավելի ճիշտ կլինի, եթե հանրապետության բոլոր մարզերում՝ ներառյալ Արմավիրի մարզը, ջրաչափեր տեղադրվեն։ Գյուղերում սահմանափակ քանակությամբ ջրաչափեր են տեղադրված, իսկ ամռան ամիսներին այդ գյուղերում խմելու ջրի մեծ պաշարներ են ոռոգման համար ծախսվում։ Պետք է խնայողություններ անել, որպեսզի օրինապահ մարդիկ ստիպած չլինեն վճարել ջրաչափ չունեցողների փոխարեն»,- եզրափակեց Մանասերյանը։

 

Նյութը` hraparak.am-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ