Տնտեսություն - Նոյեմբերի երկրորդ հինգշաբթին` որակի համաշխարհային օր

Որակի համաշխարհային օրվան ընդառաջ, «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս։ Ասուլիս բանախոսներն էին Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և հայրենական ապրանք արտադրող , առաջատար ընկերության` «Բարի սամարացի» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը: 

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտնեց, որ հուլիսի 14-ին կազմակերպել էին քննարկում, որին մասնակցում էին արտադրողները: Նրանց  ներկայացվել են այն խախտումները, որոնք կան նրանց արտադրանքում, և տրվել են հստակ հանձնարարականներ` սեղմ ժամկետներում վերացնել դրանք: «Օգոստոսից մինչ այսօր արտադրողների հետ անցկացրել ենք հսկայական աշխատանք, և նրանք վերացրին իրենց արտադրանքում առկա բոլոր թերությունները»,- Պողոսյանի բարձրացրած խնդրին անդրադառնալով` ասաց նա:

Դանիելյանը հավելեց, որ տվյալ ոլորտում կան խնդիրներ, բայց չկա մի երկիր, որտեղ սննդամթերքի անվտանգության բնագավառում խնդիրներ չլինեն, սա այն բնագավառն է որտեղ ամենօրյա հսկողություն է պահանջվում:

 «Բարի սամարացի» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանի խոսքով. «Որակի ապահովման բնագավառում և մեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ մրցանակներ սկսել ենք ստանալ 2003 թ-ից։ Ստացել ենք կոնկրետ 2003թ, 2005թ, 2008թ, 2015թ՝ կառավարության կողմից։ 6 տարի շարունակ՝ 2010թից սկսած մեր ընկերությունը ճանաչվել է տարվա հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ ունեցող մսամթերք արտադրող։ 2011թ․ սպառողների ազգային ասոցիացայի կողմից նույնպես ստացել ենք մրցանակ և պատվոգիր։ Մոտավորապես երեք-չորս տարի շարունակ Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության կողմից գրանպրի և մրցանակներ ենք ստացել՝ հատուկ ապրանքատեսականու համար։ Միջազգային ստանդարտացման և ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստանդարտների ներդրման համար պատվոգրեր և մրցանակներ ենք ստացել։

ԱՊՀ երկրների մակարդակով 2011թ-ին անցկացվեց մրցանակաբաշխության, որի ժամանակ պետք է ընտրվեր լավագույն արտադրողը, բայց ոչ միայն կոնկրետ որևէ բնագավառում, ընդհանրապես, և Հայաստանը ներկայացնող «Բարի սամարացին» ոչ միայն մրցանակ ստացավ, այլև արժանացավ դափնեկրի կոչման՝ ստանդարտների ներդրման, որակի ապահովման և զարգացնող արտադրության համար։ Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից հանրային համար առաջին վարկանիշ ենք ստացել 2014 և 2015 թվականներին։

Իսկ այն հարցին, թե ովքեր են վերահսկողություն իրականացնում ընկերությունում Կարեն Պողոսյանը պատասխանեց.
֊Սննդամթերքի արտադրությունը այն ոլորտն է, որը մեծ հսկողությունէ պահանջում՝ սկսած հումքից մինչև պատրաստի սննդամթերքի հանձնումը։ Ուստի կառավարությունը հատուկ տեսչական մարմնի՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով հսկողություն է սահմանել սննդամթերքի արտադրության բնագավառում։ Բացի դրանից մենք ևս մեր կազմակերպության ներսում համակարգված վերահսկողություն ենք իրականացնում։ Արդեն 6 տարին անընդմեջ մենք համագործակցում ենք ճանաչված միկրոբիոլոգների հետ, ովքեր վերահսկում են ոչ միայն հումքի բաղադրությունը, այլև տարածքը և աշխատակիցները նույնպես բուժզննության են ենթարկվում։

Նոր և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ մասնագետը նշեց. «Մենք շատ ենք շահագրգռված նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ և դրսից մասնագետներ ենք հրավիրում։ Տարվա ընթացքում 10֊12 մասնագետներ ենք հրավիրում այլ երկրներից. տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների ներկրում, փորձի փոխանակում։ Ժամամակ առ ժամանակ մեզ մոտից են գնում այլ երկրներ»։

Խոսելով անձնակազմի մասին` Կարեն Պողոսյանը նշեց, որ սկզբնական շրջանում, երբ հիմնվեց ընկերությունը, լավ մասնագետների կանչեցին իրենց մոտ աշխատելու։ Այդ մարդիկ դեռ շարունակում են իրենց մոտ աշխատել, սակայն իրենք ներգրավում են նաև երիտասարդ մասնագետների։ Օրինակ` Ագրարային համալսարանից ունեն կադրեր,  ովքեր փորձաշրջանի միջոցով են անցել աշխատանքի։

Իսկ այն հարցին, թե ինչպես են համագործակցում սպառողների հետ, Կարեն Պողոսյանն ասաց.

- Ընկերությունը մշտապես կապ է հաստատում սպառողների հետ։ Կարեն Պողոսյանի խոսքով. «Մենք ունենք թեժ գիծ, հետադարձ կապ, որոնցով կապ ենք հաստատում սպառողների հետ։ Այդպես մենք համագործակցում ենք սպառողների հետ, իմանում իրենց կարծիքն ու գնահատականը մեր արտադրանքի վերաբերյալ, ինչն էլ ավելի է պարտավորեցնում և արդյունավետ դարձնում մեր աշխատանքը»։

Եվ վերջում փորձեցինք պարզել 22 տարի լինելով շուկայում և զբաղեցնելով առաջատար հորիզոնական, ո՞րն է «Բարի սամարացի»֊ի  հաղթանակի գրավականը, ի՞նչ կարգախոսով են իրենք առաջնորդվում.«Մեր տնօրենի և աշխատակազմի գործունեության շնորհիվ մենք միշտ ունեցել ենք հաջողություններ։ Գաղտնիքը շատ պարզ է. մենք հոգատարություն ենք ցուցաբերում յուրաքանչյուր աշխատողի նկատմամբ, սրտացավորեն ենք տանում յուրաքանչյուրի խնդիրը և փորձում ենք օգնել։ Եվ առանձնահատուկ է այն, որ ամեն օր մենք մեր աշխատանքը սկսում ենք աղոթքով»։

Կարեն Պողոսյանը վերջում հավելեց, որ ոգևորիչ է,երբ կառավարությունը նույնպես գնահատում է իրենց աշխատանքը,  որն էլ ավելի պարտավորեցնող է։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ համեմատած անցած 10-15 տարիների հետ, Հայաստանում ներկայումս սննդամթերքի արտադրության բնագավառում շատ մեծ առաջընթաց կա`  որակական, անվտանգության, ընտրության, սպասարկման առումներով:

«Բայց խնդիրները շատ են»,- հավելեց Պողոսյանը` օրինակ բերելով սննդի պետական ծառայությանն անձամբ իր ներկայացրած 15 նմուշ զովացուցիչ ջրերը, որոնցից 11-ը փաստաթղթային արձանագրությամբ ճանաչվել են օրգանիզմի և օգտագործման համար  ոչ պիտանի::

«Անցել է 3-ից ավելի ամիս, և ես չունեմ պատասխան, թե ի՞նչ եղավ այդ արտադրողների ճակատագիրը: Մինչև ե՞րբ պետք է մեր երեխաները խմեն այդ ոչ պիտանի զովացուցիչ ջուրը»,- նշեց նա:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, առանձնացրեց նաև առկա հաջողությունները և նա նույնպես նշեց հայրենական արտադրանքներից «Բարի սամարացի» ընկերությունը` հավելելով, որ միշտ իր ուրույն տեղն ունի շուկայում։

 

«Տեսակետ»  մամուլի ակումբը և Tesaket.info լրատվականը այսուհետ ժամանակ առ ժամանակ կանդրադառնան հայրենական արտադրանքին, կներկայացնեն առկա խնդիրներն ու գրանցված հաջողությունները։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ