Տնտեսություն - Կարեն Կարապետյանը չի բացառում, որ Հարկային օրենսգիրքը կարող է փոխվել

ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, խոստանում է լրջագույն փոփոխություններ գրեթե բոլոր ուղղություններով։ Սակայն մյուս կողմից, ԱԺ-ն հենց նոր կառավարության օրոք վերջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը, որի նկատմամբ հասարակության և բիզնեսի վերաբերմունքը այնքան էլ դրական չէր։

Սա հաշվի առնելով՝ հնարավո՞ր է, որ Հարկային օրենսգիրքը փոփոխությունների ենթարկվի։ ԼՂՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մեր այս հարցին ի պատասխան, նշեց, որ Հարկային օրենսգրքի նկատմամբ իր վերաբերմունքը երկակի է: «Մի կողմից, ինքն իրավունք ունի ապրելու և տրամաբանություն ունի դրա տակ, ուղղակի կա բիզնես միջավայրի արձագանք, որ ասում`է գիտեք ինչ, ովքեր սպիտակ դաշտում աշխատում են, դուք իրենց պատժում եք դրա համար և իրենց բեռն ավելացնում, իսկ ստվերի հետ չեք աշխատում»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, թե դրա մեջ կա որոշակի տրամաբանություն: «Բայց եթե մեզ հնարավորություն լինի տնտեսության մեջ արդար, հավասար պայմաններ ստեղծել, ինչպես գազի գնի հետ ենք արել, և հասկանալ, որ հարկային բեռն իջեցնելով բիզնեսում աշխուժություն ստեղծել, բիզնեսը վերարտադրվի և հոսքը շատացնի դեպի բյուջե, միանշանակ կանենք: Բացառո՞ւմ եմ դա, չե՛մ բացառում։ Ինչքա՞ն արագ կլինի դրա հնարավորությունը՝ կերևա մեր էֆեկտիվ աշխատանքից, ինչպես նաև նրանից, թե բիզնեսի մարդն ինչպես կարձագանքի մեր քայլերին»,-ասաց նա:

 

 

Նյութը` 168 ժամ-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ