Հասարակություն - Բացվեց նոր հաճընցի հերոսներ Սուրեն Ճարատանյանին և Գևորգ Մղդեսյանին նվիրված հուշապատը

 

«Մենք հայ ենք: Մենք ամենալավ, ամենաուժեղ արիական ցեղն ենք: Մեր ժողովրդին ուզում եմ ցանկանալ անամպ երկինք ու խաղաղություն: Թող պատերազմ էլ երբեք չլինի: Թող պատերազմները միայն հեռուստացույցով ցուցադրվող գեղարվեստական ֆիլմերում լինեն: Բայց կուզեմ` նոր սերունդը գրքեր էլ կարդա, որ երբեք չմոռանա եղած պատերազմները»:

Սա հատված է  Նորհաճնեցի ազատամարտիկ Սուրեն Ճարատանյանի վերջին հարցազրույցից: Այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, որ արցախյան հերոսամարտում, որսորդական ու ինքնաշեն զենքով կռվելուց ու բախտի բերմամբ ողջ մնալուց հետո, այսքան տարի անց պետք է զոհվի նույն թշնամու գնդակից, էլի Արցախի պաշտպանության համար մղվող մարտում:

«Ինքն ընդամենը մի օր է մնացել ռազմի դաշտում: Մի վիրավոր ժամկետային զինծառայողի կյանք է փրկել, երբ վիրավորվել է: Վիրահատել էին, բայց էլ… Դա վերջին մարտն էր: Հասկանում եք` նա զոհվեց, որ 18-ամյա զինծառայողի կյանք փրկի: Նա բացառիկ մարդ էր: Բացառիկ հայրենասեր, բացառիկ ընկեր», – պատմում է «Հաճն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանն ու հազիվ զսպում արցունքները:

Հենց Հովհաննես Գրիգորյանի նախաձեռնությամբ էլ  բացվեց նորհաճնեցի հերոսներ Սուրեն Ճարատանյանին ու Գևորգ Մղդեսյանին նվիրված հուշապատը: Նրանք արդեն 7 ամիս է չկան: Կան… ասում են հարազատները, միայն թե ֆիզիկապես մեր կողքին չեն: Նրանք 2-ն էլ ընկան ապրիլյան քառօրյա պատերազմում:

4 օրը, սակայն, չափման փոքր միավոր չէ տարիներով տևած մարտերի համեմատությամբ: Ընդամենը 4 օր, բայց մինչև ապրողների կյանքի վերջը ձգվող վիշտ, ցավ ու տխրություն:

«Ժամանակը չի բուժում: Ֆիզիկական վերքը կարող է սպիանալ, բայց հոգու վերքը մնում է: Ես զգում եմ Սուրենի ներկայությունը` մարմնիս ամեն բջիջով, հոգուս ամեն ծվենով: Ախր, ես էլ պիտի գնայի հետը: Եթե գնայի, գուցե կարողանայի պաշտպանել նրան… Ես դեռ ամեն օր զանգում եմ նրան… ուզում եմ հավատալ, որ մի օր պատասխանելու է…», -արցունքների միջից հույսի թեթև ժպիտով պատմում է Սուրենի քույրը` Սուսաննան:

«Ինքն ուզում էր, որ իր թոռները խաղաղ ու լավ երկրում ապրեն: Նրա տեղը երբեք չի լրացվի: Կյանքն իրենից հետո դժվար է: Մի տեսակ ծանրություն կա մեջս, որը չի թեթևանում: Տղաս ամեն օր հարցում է` մամ, պապիկն ուր է, ինչի չի գալիս ինձ տեսնելու, ինչի չի զանգում… Հոգու խորքում ինքն էլ է հասկանում, բայց համակերպվելն է դժվար», – ասում է Սուրենի դուստրը:

Իսկ Գևորգի հարազատները լուռ են: Ակնհայտ է` չեն համակերպվում վաղաժամ ու անդառնալի կորստի հետ: Գևորգն ընդամենը 20 տարեկան էր` կենսուրախությամբ ու մեծ երազանքներով լեցուն: Նրա ժամանակը չէր…

«2015-ի օգոստոսին թշնամու դիվերսիան հետ է շպրտել: Ցուցաբերած քաջության համար ՀՀ ԶՈւ կողմից արժանացել է «Նելսոն Ստեփանյան» մեդալի: Կարող էր չշարունակել ծառայությունը, բայց…շարունակելը ճակատագրական եղավ: Ապրիլին նա իր մատաղ կյանքը զոհեց Մատաղիսում», – պատմում է Հովհաննես Գրիգորյանն ու նշում` հուշապատի բացումն ու զոհված հաճնեցիների մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը հոգու պարտք էր:

Ապրիլյան քառօրյան 100-ից ավել կյանք խլեց: Մեծ մասը ժամկետային զինծառայողներ էին` 18-20 տարեկան տղաներ: Հասկանում եք` 100-ից ավել մարդ տուն չեկավ, չվերադարձավ մարտի դաշտից… Գնացին ու հետ չեկան: Երևի այնտեղ, ուր նրանք հիմա են, ավելի լավ է, քան այս աշխարհը, որովհետև գնացողները երբեք հետ չեն գալիս… Ու երևի այս աշխարհն իրոք շատ նեղ է ազատության համար կռիվ տվողների տղերքի համար:

 

 

Նյութը`  photonews.am-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ