Մամուլ - «Ադրբեջանը ԵՏՄ անդամակցության թեման կարող է օգտագործել ԼՂ հակամարտությունում». Ստանիսլավ Տարասով. 168 ժամ

«Ադրբեջանը փորձում է չեզոքացնել Արևմուտքի կողմից Արցախի ճանաչման գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան։

Հիշեցնենք, որ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի այցը տարածաշրջան` Բաքու, Ստեփանակերտ և Երևան։ Իրենց այցի արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով. «Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը, և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը։ Համանախագահները նաև քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների` հանուն տևական խաղաղության։ Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը։

Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել»։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այցը պլանային բնույթ էր կրում, և, ինչպես հայտնի դարձավ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ասուլիսից, նախագահների հանդիպման վերաբերյալ հստակություն չկա նաև այս այցից հետո, որին հաջորդելու է հանդիպում նախարարների հետ ամիսներ անց։

«Բանակցություններն այնքան երկար ժամանակ են ընթացել փակ դռների ետևում, որ հետաքրքրական է հետևել այն հայտարարություններին, որոնցից կորզում են կողմերի դիրքորոշումները։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի վերաբերյալ, այն դեպքում, երբ Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, Ղարաբաղն այսօր բանակցությունների մաս չէ։ Խոսվում է սկզբունքները վերանայելու մասին։

Այս ողջ գործընթացում հետաքրքիր են Ալիևի հայտարարությունները, այդ թվում՝ այն, որ չբացառեց Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Հնարավոր է, որ սա դառնա Մոսկվայի հետ գործարքի գնալու առաջարկ Բաքվի կողմից։ Ուստի ուշագրավ կլինի, թե այս հարցին ինչպիսի գնահատական կտան Երևանը, Մոսկվան և Ստեփանակերտը։ Ադրբեջանը շարունակում է Ռուսաստանի հետ հույսեր կապել, որ Ռուսաստանը կփորձի միանձնյա կարգավորել հակամարտությունը՝ ի օգուտ Ադրբեջանի, ինչը ռուսական դիվանագիտությունը բազմիցս ցույց տվեց, որ չի ցանկանում անել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ զարգանում է Արցախի անկախության ճանաչման գործընթացը, որը սպառնում է կարգավորման ադրբեջանական ծրագրերին, և հատկապես՝ Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի հեռանկարին։

«Ուստի պարզ է, որ Ադրբեջանը պետք է փորձի չեզոքացնել Ղարաբաղի այս հեռանկարը, թեև Մադրիդյան սկզբունքները, ինչպես Ուորլիքը Երևանում նախազգուշացրեց, այլ բան են նախատեսում։ Ուշագրավ էր Ուորլիքի դիտարկումը, որ Ադրբեջանի նախագահի խոսքը վերջին խոսքը չէ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահի առաջադրած հարցը բանակցային սեղանին չէ»,- ասաց Տարասովը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ