Մշակույթ - Վերադարձ` 65 տարվա ընդմիջումից

Ս. թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Գրիգոր Ղարիբյանի «Վերադարձ` 65 տարվա ընդմիջումից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն հեղինակի 23 գեղանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 29-ը:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանն ունի նաև նկարչական կրթություն: Նա նկարել է ուսանողական տարիներին, վրձինը կրկին ձեռքն է վերցրել միայն 65 տարի անց:
Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանը ծնվել է 1930 թվականին Սյունիքի Բորիսովկա (Ծղուկ) գյուղում: 1946 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան: 1949-1954 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև, Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1954 թվականին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում՝ լաբորանտի կարգավիճակից հասնելով պրոռեկտորի պաշտոնի: 2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Տարիների բեղմնավոր գործունեության ընթացքում պարգևատրվել է Մովսես Խորենացու, ԵՊՀ և ՀՊՏՀ ոսկե մեդալներով, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան և ՀՀ Կենտրոնական բանկի ոսկե հուշամեդալներով: 2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում և ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ինչպես նաև «Պատվավոր սյունեցի» կոչում՝ Սյունիքի մարզպետի կողմից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ