Ժամանց և շոու բիզնես - «Մենք մեզ համարում ենք Հայաստանը ներկայացնող ռոքի դեսպաններ». «The Beautified Project» խումբ

«The Beautified Project» ռոք խումբը պատրաստվում է հոկտեմբերի 24 ին կայանալիք համերգ-շնորհանդեսին, որի ընթացքում խմբի անդամները երկրպագուներին կներկայացնեն իրենց չորրորդ՝ «Pale Nightingale» ալբոմը, կանդրադառնան նաև նոր երգերին և ծրագրերին: Այս մասին այսօր հայտնի դարձավ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին խմբի անդամներ Անդրե Սիմոնյանը, Արմեն և Առլեն Շավերդյանները:

Խոսելով նոր՝ «Pale Nightingale» ալբոմի մասին, հանդիպման բանախոս Արմեն Շավերդյանը մանրամասնում է. «Ալբոմում ներառված է 7 անգլալեզու երգ, որոնցից 1-ը դուետ է Սոնա Ռուբենյանի հետ: Ալբոմում է նաև «Արագիլ» հայերեն երգը, որը կոչ է սփյուռքահայերին՝ վերադառնալ Հայաստան: «Pale Nightingale»-ում ներառված են Անդրե Սիմոնյանի և Առլեն Շավերդյանի հեղինակած ստեղծագործությունները, բայց մեծ իմաստով՝ բոլոր կատարումները ստեղծել ենք երեքով միասին»:

Անդրադառնալով խմբի գործունեությանը՝ Անդրե Սիմոնյանը նշում է. ««The Beautified Project-ը ստեղծագործում է արդեն 11 տարի: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ սա մեր թվով 4-րդ ալբոմն է: Սովորաբար համաշխարհային երաժշտական հարթակում 4-րդ ալբոմին հասնելը համարվում է կայացվածության բարձր մակարդակ»:

Խոսելով երաժշտական շուկայում դոմինանտ տեղ զբաղեցնող արտադրանքի և դրանց որակական ցուցիչների մասին, խմբի անդամ Անդրե Սիմոնյանը նկատում է. «Աշխարհի տարբեր մշակույթներում նվազել է որակյալ երաժշտությունը՝ տեղը զիջելով պարզունակ երաժշտությանը, թեև սա չի վերաբերում ոճային բազմազանությանը, որովհետև, ըստ իս, չկա լավ կամ վատ ոճ, սակայն բոլոր ոճերում էլ կան և´ լավը, և´ վատը: Ցավոք, կյանքն այնքան է հեշտացել, որ երաժշտության մեծ մասը, որը մենք լսում ենք, ձայնագրվում են՝ օգտագործվելով համապատասխան ծրագրեր, բայց ոչ կենդանի նվագ՝ երաժշտական գործիքների մասնակցությամբ: Մենք, արդեն չորրորդ ալբոմն է, ընդհանրապես չենք օգտագործում որևէ թվային գործիքներ, մեր ստեղծագործություններում հնչում է միայն և միայն կենդանի երաժշտություն»:

Նոր ալբոմի շապիկի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է: Ալբոմն անվանվել է «Գունատ սոխակ», որովհետև սոխակի երգը համարվում է ամենագեղեցիկ ձայներից մեկը բնության մեջ, սակայն, ըստ բանախոսների, ժամանակի ընթացքում նվազել է թռչունների երգը: Ալբոմի շապիկին սոխակն արտահայտված է աղջկա տեսքով, ով շղարշի միջոցով թաքնվում է աշխարհից:

Ասուլիսի բանախոսները տեղեկացրին, որ նոր ալբոմը հնարավոր կլինի ձեռք բերել Երևանի սկավառակների խանութներից, իսկ մեկ շաբաթ անց, արդեն նաև iTunes-ից, Amazon-ից և մի շարք այլ առցանց աղբյուրներից:

Հիշեցնենք, որ «The Beautified Project»-ի նոր, թվով չորրորդ՝ «Pale Nightingale» կոչվող ալբոմի համերգ-շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Հովհ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում, hոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ին: Համերգ-շնորհանդեսի ժամանակ խումբն առաջին անգամ կենդանի կատարմամբ կհնչեցնի բոլոր նոր երգերը, ինչպես նաև երգեր նախորդ ալբոմներից:

 

Նյութի աղբյուր` 168 ժամ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ