Հասարակություն - Մենք մեր վերահսկողության մեխանիզմներն ու օրենքով սահմանված վերահսկման ձևերը պահում ենք. Ա. Հովհաննիսյան

Օրերս ԱԺ արտահերթ նիստերից մեկի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին մայրուղին և պնդում էին, որ Պաշպանության նախարարության (ՊՆ) մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ իրենցից կարտոֆիլը գնում են ցածր գնով՝ 40-45 դրամով:

Փաշինյանը պարզել էր, որ իսկապես մատակարարները Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլը վաճառում են կիլոգրամը 80-104 դրամով:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ է հանդիպել վարդենիսցիների հետ, բայց հարցերին պատասխանել չի կարողացել։ Ըստ նրա՝ 40-50 դրամով վաճառվող կարտոֆիլի որակը ևս ցածր է, ու ստացվում է, որ մեր զինվորներին մատակարարվում է անորակ կարտոֆիլ. «Լավ որակի կարտոֆիլի մեկ կիլոգրամն այսօր 100 դրամից պակաս չէ։ Էժան գնով տալիս են նրանք, ովքեր մի քանի տարվա սերմ են ցանել, այսինքն՝ ինքնարժեքը բարձր չէ, էնքան որ գումար է պետք՝  վաճառում են»։

Ըստ նրա՝ եթե կա պետական պատվեր, ապա ճիշտ կլինի ուսումնասիրել, թե արդյո՞ք այդ մարդիկ ֆերմերային կազմակերպություններ են ներկայացնում.

«Նույն վիճակն է նաև կաղամբի, գազարի պարագայում։ Նույն կազմակերպված հանցավոր խումբն է։ ՊՆ-ի կազմակերպած մրցույթն է, բայց Գյուղնախարարությունը կամ կառավարությունը կարող էր ընտրել մի գործընկեր, նախնական պատվերով նրա հետ համագործակցել։ Այդ առաջարկն անում եմ վարչապետին»։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա ՊՆ-ի գործառույթը չէ.

«ՊՆ-ն իր մրցույթներն իրականացնում է մատակարարների հետ, և այն, թե մատակարարը որքանո՞վ ու ումի՞ց է գնում՝ մենք չենք կարող իմանալ։ Մրցույթը հայտարարվում է, ասենք՝ 500 տոննա կարտոֆիլ, այդ 500 տոննան կարո՞ղ է մի գյուղացի մատակարարել։ Դրան գումարած՝ այդ մատակարար ընկերությունը հարկ է մուծում, բացի դրանից՝ այդ կարտոֆիլը պետք է մատակարարվի կոնկրետ զորամասեր կամ զորամիավորումներ. բոլորը Երևան չեն մատակարարվում։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ այդ գնով նա կարո՞ղ է այդքան կարտոֆիլ հասցնել Մատաղիս։ Հարգելիներս, այստեղ հարցեր կան։ Բան չունեմ ասելու՝ կարող է ինչ-ինչ հանգամանքներում մեր գյուղացին տուժում է, եթե այդ հարցին պետք է լուծում տալ, ապա նստենք՝ բոլորս միասին լուծում տանք։ Բայց այսօր ՊՆ-ն իր գործառույթը կատարում է. նվազագույն գնի ու որակի ապահովման պարամետրերը պահում ենք»։

Նրա խոսքով՝ մատակարարման մրցույթի ժամանակ, ըստ օրենքի՝ ՊՆ-ն հաշվի է առնում մատակարարողի փորձը, շրջանառված կապիտալը. «Դու ուրիշ բան չես կարող հաշվի առնել։ Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում այս պահի դրությամբ բանակին մատակարարող ընկերությունների թիվը 1 տասնյակից ավելի է։ Ընկերություններից շատերն էլ, մտածում եք, կարողանո՞ւմ են ամբողջ ծավալն ապահովել. նման բան չկա։ Տարբեր երկրամասեր մատակարարելու խնդիրներ էլ կան նրանց համար»։

Դիտարկմանը՝ Հրաչ Բերբերյանը նշում է, որ 40-50 դրամով վաճառվող կարտոֆիլի որակը ևս ցածր է, ու ստացվում է, որ մեր զինվորներին մատակարարվում է անորակ կարտոֆիլ, որովհետև այս սերմացուն հին է, Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.

«Մենք մեր վերահսկողության մեխանիզմներն ու օրենքով սահմանված վերահսկման ձևերը պահում ենք։ Նա նեղ մասնագետ է, կարող է կարտոֆիլին նայել ու ասել, թե քանի տարվա սերմացու է»։

Հարցին՝ այս խնդրի լուծումն ինչպե՞ս է տեսնում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև ոչ ես, ոչ ՊՆ-ն չենք կարող այդ հարցի լուծման անմիջական ձևաչափ առաջարկել»։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ