Մշակույթ - Մեկնարկում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա­կարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին, որին մասնակցել են ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի միջին դասարաններում սովորող աշակերտներ: Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից: Երեխաներն այցելել են մի շարք թանգարաններ, դիտել են ներկայացումներ ու ֆիլմեր, ունկնդրել համերգներ: Միաժամանակ, երեխաների համար Երևանում կազմակերպվել են գիտաճանաչողական այցելություններ` Ծիծեռնակաբերդ, «Մայր Հայաստան» հուշահամալիրներ, Կոմիտասի անվան պանթեոն: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2931 աշակերտ:

Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը՝ էլ ավելի է կարևորվում ծրագրի իրականացումը՝ ներգրավելով նաև ԼՂՀ-ն և հատկապես Թալիշը, Մարտակերտը, Մատաղիսը: 
2016 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրն իրականացվում է երեք փուլով. ծրագրի երկու փուլերն իրականացվել են մայիս-հունիս և սեպտեմբեր ամիսներին, որին մասնակցել է 1160 երեխա՝ ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Երրորդ փուլի մեկնարկը կտրվի ս. թ. հոկտեմբերի 20-21-ին և կիրականացվի շուրջ 800 աշակերտի  ներգրավմամբ՝ 5 այցերի միջոցով /հոկտեմբերի 20-21-ին, հոկտեմբերի 27-28-ին, նոյեմբերի 3-4-ին, նոյեմբերի 10-11-ին, դեկտեմբերի 25-26/: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ կծանոթանան Կոմիտասի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Առնո Բաբաջանյան համերգասրահում կդիտեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլկ-մոդեռն ժողգործիքների նվագախմբի ելույթը: Հայաստանի ազգային պատկերասրահում կծանոթանան հայկական և եվրոպական գեղանկարչությանը, Հայաստանի պատմության թանգարանում՝ Հայաստանի նախապատմական ժամանակներից եկող մշակույթին ու պատմությանը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում դպրոցականները կդիտեն «Անուշ» օպերային ներկայացումը, այնուհետև, կշրջեն թատրոնի շենքում: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ