Ժամանց և շոու բիզնես - Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է

Մանկական հաշմող հիվանդությունների շարքում ամբողջ աշխարհում նշանակալի է պատանեկան` յուվենիլ արթրիտի վիճակագրությունը:

Երեխաների առողջության պահպանման հիմնախնդիրը մշտապես գտնվել են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և ամրագրվել երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթերում` որպես գերակայություն:

Յուվենիլ ռևմատոիդ արթրիտով երեխաների բուժօգնությունը, ներառյալ նրանց դիսպանսերային հսկողությունը, պարբերական հետազոտությունները ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Այս բուժումն իրականացվում է երկրում ընդունված մեթոդներով ու սխեմաներով:

Ներկայում Հայաստանում կա յուվենիլ արթրիտ ունեցող ախտորոշված 180 երեխա, նրանք գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո: Նրանցից   30-ը հաշմանդամ են:

Յուվենիլ ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն հիվանդություն է` այսինքն մարդու իմունային համակարգը ‹‹սխալմամբ›› որպես օտար է ճանաչում  օրգանիզմի սեփական բջիջները և սկսում դրանք ոչնչացնել: Թե որն է նշված խանգարման իրական պատճառը, մասնագետները դեռևս չեն կարող պատասխանել: Կան ենթադրություններ, որ դրանք կարող են առաջանալ վարակիչ հիվանդությունների արդյունքում, ինչպես նաև` որոշ դեղամիջոցների անհարկի կիրառության արդյունքում: Այս հիվանդությունը կարող է առաջանալ նաև վնասվածքների, գերսառեցման,  արևի ուղղակի ճառագայթների ներքո գերտաքացման արդյունքում: Պատանեկան արթրիտը  շատ հաճախ հանդիպում է 5-7 տարեկան, համեմատաբար հազվադեպ՝ մինչև 1 տարեկան և 13 տարեկանից մեծ երեխաների մոտ։ Աղջիկները մոտ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղաները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 12-ը սահմանել է որպես պատանեկան արթրիտի համաշխարհային օր: Ամբողջ աշխարհում այս օրն իրականացվում են իրազեկման միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում` միավորելու ջանքերն ու հմտությունները` պատանեկան արթրիտի և դրա հետևանքների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:

Մեր երկրում ռևմատոիդ արթրիտն անվանում են նաև «վարակային ոչ սպեցիֆիկ պոլիարթրիտ (ինֆեկտարթրիտ)», այլ երկրնեոում՝ «առաջնային քրոնիկական պոլիարթրիտ», «էվոլյուտիվ քրոնիկական պոլիարթրիտ» և այլն։

 

«Պատանեկան» (յուվենիլ) ռևմատոիդ արթրիտ տերմինը, որը գործածվում է արտասահմանում և վերջին ժամանակներս մեր երկրում, պետք է ընկալել որպես «մանկական» ռևմատոիդ արթրիտ:

Ռևմատոիդ յուվենիլ արթրիտի դեպքում ի հայտ է գալիս սինովյալ թաղանթի ոչ  թարախային բորբոքում: Միևնույն ժամանակ հոդային հեղուկը արտազատվում է չափազանց շատ և կուտակվում է հոդի խոռոչում: Սինովյալ թաղանթը բարակում է, ամուր կպչում հոդաճառին, կարճ ժամանակ անց ներաճում հոդին: Տեղի է ունենում աճառի էրոզիա: Որոշ ժամանակ անց աճառը վնասվում է:Եթե վնասվում է մեկ հոդը, անվանվում է մոնոարթրիտ, երբ  վնասվում են չորսից ավելի հոդերը, անվանվում է օլիգոարթրիտ, պոլիարթրիտի պարագայում ախտահարվում է չորսից ավելի հոդ: Համակարգային ռևմատոիդ արթրիտի պարագայում վնասվում են ոչ միայն հոդերը, այլև մյուս օրգաններն ու համակարգերը:

Այս հիվանդությունն ախտորոշելու հարցում կարևոր է մանկաբույժի, ռևմատոլոգի, օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվությունը: Ախտորոշիչ նպատակներով իրականացվում են արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզներ, ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենոգրաֆիա,  անհրաժեշտության դեպքում` կրծքային, կոնքային  հատվածի համակարգչային շերտագրում:   

Առաջնահերթ է բուժական նկատառումներով բորբոքային վիճակից հանելը, հոդային արտադրության վերացումը, չափազանց կարևոր է հոդի նորմալ գործունեության վերականգնումը: Բուժումն իրականացվում է իմունիտետն ընկճող դեղորայքով, որոնք տևական ընդունման կարիք ունեն: Անհրաժեշտության դեպքում նշանակվում է ֆիզիոթերապիա: Մասնագետները հիվանդությունը կանխարգելելու հստակ միջոցներ չեն նշում, սակայն մատնանշում են, որ առողջ կենսակերպը, ֆիզիկական պատշաճ ակտիվությունն ու առողջ, հավասարակշռված սնունդը կարող են նվազեցնել հիվանդացության ռիսկը:

Տարեցտարի շրջանառության մեջ են մտնում հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաներ, որոնք իրական հնարավորություն են ընձեռում պահպանել երեխաների առողջությունն ու կյանքը, էապես բարելավել նրանց կյանքի որակը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ