Տնտեսություն - «Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրվել է մի ծրագիր՝ «Մեծ Երեւան»-ը

2016թ. հուլիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրվել է մի ծրագիր՝ «Մեծ Երեւան», որը նախատեսում է Երեւանի շուրջ տեղակայված Արարատի, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում գտնվող փոստային մասնաճյուղերը միացնել Երեւանին, որի արդյունքում նշված մասնաճյուղերի հարյուրավոր աշխատակիցներն ազատվելու են աշխատանքից՝ համալրելու գործազուրկների բանակը:

 

Աշտարակի փոստային մասնաճյուղը դրանցից մեկն է, որտեղ աշխատում է 120 մարդ եւ 59 փոստային բաժանմունքներով սպասարկում Արագածոտնի մարզի բնակչությանը: Այստեղ շուրջ 15 տարի աշխատավարձը սահմանված է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ, որն անհամեմատելի է «Հայփոստ» ՓԲԸ-ի ադմինիստրացիայի ստացած 1 միլիոնից մինչեւ երկու միլիոն դրամ աշխատավարձերի հետ: Այս ծրագիրը, բացի աշխատատեղերից, նպաստում է նաեւ մարզերում սոցիալական լարվածությանը՝ կենսաթոշակ, նպաստ, մայրության նպաստ, որոնց հատկացումը կատարվում է մասնաճյուղերից եւ բաժանմունքներից, իսկ ծրագրի իրականացման դեպքում՝ կենտրոնացված կարգով՝ Երեւանից, որը չի երաշխավորված ուշացումներից ու ձգձգումներից:

 

Ուշացումները նաեւ անվստահության պատճառ կդառնան գործընկեր կազմակերպություններում՝ ԴԱՀԿ, դատարան, հարկային ծառայություն եւ այլն: Բացի այդ, կենտրոնացված եւ ուշացումով մատակարարման արդյունքում նվազելու են կոմերցիոն վաճառքից ստացված եկամուտները: Նման հանգամանքներում անխուսափելի է թոշակների եւ նպաստների արտահոսքը դեպի բանկեր, որը դարձյալ զրկելու է «Հայփոստին» լրացուցիչ եկամուտներից: Հաշվի չառնելով տնտեսագիտական տնտեսվարման պարզունակ այս խնդիրները՝ «Հայփոստի» ղեկավարությունը կենտրոնացել է մասնաճյուղեր եւ բաժանմունքներ փակելով, աշխատատեղերի կրճատմամբ:

 

Վերջերս այս խնդրի կապակցությամբ բողոքի ալիք բարձրացավ Հրազդան քաղաքում: Աշտարակի մասնաճյուղի աշխատակիցները նույնպես մտադրված են փողոց դուրս գալ: Բացառություն չեն նաեւ մյուս մարզերը: Ծրագրի իրականացման վերջնաժամկետ «Հայփոստը» նախատեսել է հոկտեմբերի 10-ը:

ՀԳ. «Հայփոստի» մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանի խոսքով՝ նախկինում ամեն շրջան ուներ իր մասնաճյուղը, հիմա այդ միջանկյալ օղակը չի լինելու. «Քաղաքացին երբեւէ մասնաճյուղի հետ առնչություն չի ունենում, որտեղ ներքին աշխատանքներ էին կատարվում, դրանց կարիքն այլեւս չկա։ Այժմ կապն ուղիղ բաժանմունքների հետ է իրականացվում:

 

Բայց իրենց բոլորին էլ, որպես կանոն, հիմնականում առաջարկվում է աշխատանք բաժանմունքներում, եթե ունակությունները համապատասխանում են»: Գեւորգ Աբրահամյանը նշեց նաեւ, որ «Մեծ Երեւան» ծրագիրն օպտիմալացնում է աշխատանքը, ավելին՝ արագացնում է պրոցեսները, բոլոր գործընթացներն ավելի արագ եւ արդյունավետ են կատարվելու: «Ֆրանսիական «Լա փոստի» հետ մշակված «Հայփոստի» օպտիմիզացիայի մեծ ծրագրի ավարտական փուլն է սա»,- ասաց խոսնակը:

 

Նյութի ամբողջությամբ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ