Կրթություն - Ռեկտորի հնարավորությունները կսահմանափակվեն. Լևոն Մկրտչյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե մեր բուհերում գործող օրենսդրությամբ ի՞նչ չափանիշներ են առաջադրում՝ ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց ընտրության հարցում, և մեջբերեց մի քանի խոշոր բուհերի կանոնադրությունից հատվածներ, որոնք հիմնականում նույնանման են. ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։

«Սեպտեմբերի 22-ի նիստում կառավարությունը հաստատեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը, որտեղ ռեկտորի ընտրության հարցում առաջադրվում է նոր չափանիշ՝ այս հարցում մեր ունեցած աջաբսանդալը դարձնելով ամբողջությամբ կատարյալ. ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ»,- ասաց նա՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարին ուղղելով իր հարցը՝ չե՞ք կարծում, որ օրենսդրորեն այս ամենը, բուհական ինքնավարությունը հաշվի առնելով հանդերձ, կարգավորման անհրաժեշտություն ունի, որովհետև կարող  է ստեղծվել տպավորություն, որ այս կանոնադրությունները գրվում են որոշ մարդկանց համար։

Հարցին ի պատասխան՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ արդեն մշակված ու ԿԳՆ կայքում դրված է բարձրագույն կրթության օրենքի նոր նախագիծը, որտեղ հայեցակարգային փոփոխություն կա հենց համալսարանական կառավարման համակարգի ուղղությամբ.

«Ես չեմ ընդունում, որ ճիշտ է, որպեսզի մենք անպայման պահանջենք համալսարանների համար բարձրագույն գիտական աստիճան ունեցող մարդկանց։ Համաշխարհային բուհական փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի պարտականությունները, բուհի գործադիր ղեկավարի, գիտական խորհրդի պարտականությունները պետք է տարանջատվեն։ Եվ աշխարհի լավագույն համալսարաններում գիտական աստիճանի կամ բարձրագույն աստիճանի պահանջ չկա։ Առաջարկվող նախագծում մենք առաջարկում ենք ձեր ասած՝ աջաբսանդալը մի քիչ փոխել և ձևակերպումը տալ հետևյալ ձևով՝ համալսարանի ինքնավարություն։ Համալսարանական կառավարման համակարգը բավականին բարդ ճանապարհ է անցել։ Ժամանակն է, որպեսզի համալսարանների ղեկավար կազմի ընտրությունը, օրենսդիրը և գործադիրը համալսարանի ներսում անջատվեն ընդհանուր քաղաքական տրամաբանությունից, և հնարավորություն տրվի համալսարաններին՝ ինքնավարության ձևաչափն օգտագործել։ Օրենքում մենք նշում ենք, որ խորհուրդն իսկապես պետք է լինի ապաքաղաքական, ձևավորված լինի համալսարանի համար ընդունելի անձանցից, ու համալսարանը պետք է մնա իր առաքելության սահմաններում։ Եվ որպեսզի այդ առաքելությունը պահպանվի, ռեկտորը պետք է ունենա կառավարման փորձ՝ ավելի, քան գիտական աստիճան։ Եվ կառավարման փորձի առկայությունը՝ վարչական, կամ պետական, կամ ադմինիստրատիվ, ամրագրված է  օրենքի նոր նախագծում։ Ռեկտորը պետք է լինի մենեջեր, որը պայմանավորված է աշխատանքային փորձով»։

Ս. Ֆարմանյանն այսպես արձագանքեց. «Լավ է, որ օրենքով չափանիշներ կարձանագրվեն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մինչև այդ օրենքն ընդունելը՝ մենք կարող ենք ամեն ինչ հախուռն անել, բուհի առաջին դեմքը տարրական պատկերացումներ, տարրական գիտելիքներ պետք է ունենա բուհական կյանքից՝ գոնե բնագիտական ու հումանիտար մասնագիտությունները միմյանցից տարբերելու համար։ Մենք կսպասենք օրենքի նախագծին ու հույս ունենք, որ այս խնդիրներն օրենքով կկարգավորվեն»։

ԿԳ նախարարը համաձայնեց, որ կառավարման փորձ ունեցող անձնավորության բուհից գաղափար ունենալը ևս շատ կարևոր է.

«Դրա համար օրենքի նախագծում նշված է՝ գիտական աստիճան ունեցող։ Ինչո՞ւ գիտական աստիճան, և չենք հստակեցրել, որովհետև օրենքի նախագծում մեկ այլ կարևոր փոփոխություն ենք առաջարկում՝ գիտությունների թեկնածու այսօրվա աստիճանը հավասարացնել PHD մակարդակին՝ թողնելով նաև գիտության երկրորդ՝ դոկտորի աստիճանը։ Բայց հավատացնում եմ՝ աշխարհի լավագույն համալսարաններում գործադիր տնօրենները PHD մակարդակի վրա են։ Շատ կարևոր է, որ մենք առաջարկում ենք, որ գիտական խորհրդի նկատմամբ ռեկտորի հնարավորությունները սահմանափակ լինեն, որը կհավասարակշռի համալսարանական ներքին ինքնավարությունը»։

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ