Տնտեսություն - Տարոն Մարգարյան. «Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ»

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմել ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքների ծրագիրը:

 

Աշխատակազմի կրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը նախապատրաստել վերագործարկման:

 

«Դեռ նախորդ տարի եմ այս հարցի հետ կապված նշել, որ մասնավորապես կրթօջախների ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելն անընդունելի է: Ակնհայտ է, որ բարձրադիր վարչական շրջաններում ավելի վաղ է սկսում զգացվել սառնությունը, ուստի ավելի վաղ էլ պետք է մեկնարկի ջեռուցման սեզոնը: Ըստ այդմ, արդեն իսկ սկսեք համապատասխան ուսումնասիրություններն ու վերացրեք հնարավոր թերությունները և ջեռուցման համակարգերը բերեք վերագործարկման պատրաստ վիճակի: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ