Սպորտ - Ֆահրադյանը Լոս Անջելեսում կփորձի 5-րդ անգամ Գինեսի ռեկորդ սահմանել

Այս օրերին Լոս Անջելեսում է գտնվում մարմնամարզիկ, Գինեսի գրքի քառակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը: Նշենք, որ Դավթի այցը Միացյալ Նահանգներ պատահական չէ: Մարմնամարզիկը այստեղ է հատուկ նպատակով՝ փորձ կատարել 5-րդ անգամ անունը գրանցել ռեկորդի գրքում: Վերջերս, Երևանում կայացավ Դավիթ Ֆահրադյանի 4-րդ ռեկորդի շնորհանդեսը:

 

Վարժությունը իր բարդությամբ գերազանցել է մյուսներին: Պտտաձողի վրա 1144 պտույտ 36 րոպե 12 վայրկյանում:


Այս անգամ պտույտների քանակը քիչ է, բայց վարժությունն է բարդ, իսկ դրա մասին առավել մանրամասն զրուցել ենք Դավիթ Ֆահրադյանի հետ, ով ԱՄՆ գալուն պես առաջին իսկ օրից սկսել է մարզումները:

 

-Նախ բարի գալուստ. Դավիթ, ինչո՞ւ որոշեցիք հերթական ռեկորդի փորձը կատարել ԱՄՆ-ում, հատուկ պատճառ կար, թե՞ պարզապես ցանկություն հայտնեցիր այս անգամ ուժերը փորձել հայրենիքից դուրս:

-4-րդ ռեկորդի հավաստագիրը ստացա վերջերս, որից հետո Հայաստանում տեղի ունեցավ շնորհանդես: Այդ ժամանակ էլ հայտարարեցի, որ հաջորդ փորձը լինելու է Միացյալ Նահանգներում, քանի որ հենց ԱՄՆ-ից հրավեր ունեի: Ամերիկահայ բարերար Ստեփան Գումրիկյանի կողմից է եղել այդ հրավերը: Ինքը ցանկություն էր հայտնել, որ այս մարզական միջոցառումը կազմակերպվեր Լոս Անջելեսում և նվիրվեր հայ համայնքին: Մոտ 2 տարի պատրաստվել եմ ռեկորդի գրանցմանը, բայց սպասում էի մինչ կլիներ փաստաթղթերս՝ ԱՄՆ գալու համար:

 

-Ի՞նչ վարժության է ականատես լինելու հայ համայնքը: Կ՞ա հստակ սահմանված ժամանակ, որի ընթացքում պետք է այն կատարես:

-Գինեսը մեզ 50 պտույտի հայտ է ներկայացրել: Ի տարբերություն նախկին ռեկորդներիս, այս անգամ այդ տարրը ավելի քան բարդ է: Հակառակ բռնվածքով պտույտներ դեպի առաջ: Կարելի է ասել, որ նույնիսկ մեկ ձեռքով վարժությունն ավելի հեշտ է, քան սա: Հիմնական ուժը ներդնում ես ճկույթի ու մատնեմատի վրա, ձեռքի մկանները շատ շուտ են հոգնում: Երկու տարվա մեջ կարողացա հասնել այդ արդյունքին, բայց հիմա փորձելու եմ մի փոքր ավելին անել: Իհարկե, կլիմայական պայմաններն էլ մեծ նշանակություն ունեն: Լոս Անջելեսում շատ ավելի շոգ է հիմա, օդը կարծես չի բավականացնում: Բայց պարապմունքներս այստեղ էլ շարունակում եմ գրեթե ամեն օր: 51 պտույտը կլինի ռեկորդ: Հստակ ժամանակ չկա նշված, պետք է միայն 50 պտույտից ավելին անեմ, որպեսզի ռեկորդ համարվի: Անկեղծ ասած, ես երբեք չեմ ասում ռեկորդ եմ անելու, ռեկորդի փորձ եմ ասում, բայց հույս ունեմ, որ վարժությունից հետո արդեն կլինի ռեկորդ:

 

-Որտե՞ղ է կայանալու այն:

Վարժության օրն արդեն հայտնի է: Առաջիկա հինգշաբթի օրը: Նշեմ, որ արդեն պայմանագիր եմ կնքել International Sports Union (ISU) մարզադահլիճի հետ, որի տնօրենն է Կարեն Հարությունյանը: Ռեկորդի փորձը կկայանա հենց այդ մարզադահլիճում: Դահլիճը ունի մարմնամարզական բավական շատ գործիքներ, պտտաձողը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մի քանի դպրոցներ ևս կային, բայց սա համապատասխանում էր բոլոր պայմաններին:

 

-Կլինի միայն ռեկորդի փորձի գրանցում, թ՞ե կան այլ ծրագրեր այդ օրվա համար:

-Նախևառաջ, մինչ վարժության կատարումը ներկայացնելու ենք մինչ օրս կատարված աշխատանքները, գրանցած ռեկորդները: 2009, 2010 և 2011թթ նվաճումները: Դրանից հետո կլինի կարճամետրաժ ֆիլմ, թե ինչպես եմ պատրաստվում ռեկորդին, անմիջապես կհաջորդի ռեկորդի փորձը: Այնուհետև մի փոքրիկ հյուրասիրություն ու զրույց բոլոր հյուրերի, ներկաների հետ:

 

-Կա՞ն այլ աջակիցներ, ովքեր ցանկություն են հայտնել օգնել:

-Իհարկե, առանց աջակիցների շատ դժվար կլիներ այստեղ այդ ամենը իրականացնել: Հիմնականում օգնել են անհատներ, ովքեր ցանկություն են հայտնել իրենց ներդրումը ունենալ այս աշխատանքում:Քանի որ հնարավորություն կա, ուզում եմ նշել նրանց անունները: Շնորհակալություն եմ հայտնում Ստեփան Գյումրիկյանի «Պատիվ» հասարակական կազմակերպությանը, «Mary’s flowers» ծաղկի սրահին և «Gold Avenue Insurance» ընկերությանը: Ինձ էլ շատ ոգևորեց այն փաստը, որ մարդիկ ցանկություն հայտնեցին օգնել: Եթե զգում եմ, որ աշխատանքս հետաքրքրում է մարդկանց, տեսնում եմ, որ այն հայանպաստ աշխատանք է, ապա ես պատրաստ եմ հասնել մինչև աշխարհի ծայրը ու կատարել դա, առանց որևէ շահույթ հետապնդելու: Թող որ համայն հայությունը տեսնի, որ ունենք ոչ միայն լավ մարզիկներ, այլ նաև բարերարներ, ովքեր ամեն կերպ օգնում ու աջակցում են իրենց հայրենակիցներին:

 

-Առաջին անգամ հայրենիքից դուրս փորձելու էս նոր ռեկորդ գրանցել, ավելի պատասխանատու ու պարտավորեցնող չ՞է:

-Իհարկե, տարբերություն կա: Հայաստանում վարժությունը կատարում էի այն պայմաններում, որն ինձ էր հարմար, իսկ այստեղ ես պետք է հարմարվեմ: Սա իսկապես մեծ խնդիր է: Ճիշտ է, սկսել եմ մարզումներս, բայց զգում եմ, որ բավական ծանր եմ կատարում վարժությունը: Բայց դա չպետք է խանգարի: Այսքան ճանապարհ եմ անցել, մարդիկ վստահել են ինձ, իրավունք չունեմ չարդարացնել հույսերը: Ինձ թվում է, որ ամեն ինչ լավ է ստացվելու:

 

Հ.Գ. Դե ինչ, հաջողություն ենք ցանկանում Դավիթ Ֆահրադյանին ու սպասում նոր ռեկորդի կատարմանն ու առաջիկայում դրա հաստատմանը:

 

Նյութի աղբյուր

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ