Մամուլ - Վանաձորում թեժ նախընտրական մթնոլորտ է. Լրագիր

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունները որոշակի աշխուժություն են մտցրել հանրապետության երկրորդ և երրրորդ քաղաքների քաղաքական կյանքում: Բանն այն է, որ նոր ընտրակարգով քաղաքացիներն ընտրելու են ոչ թե անհատների, այլ կուսակցական ավագանու՝ ինչպես Երևանում: Սա լավ առիթ է կուսակցությունների համար՝ փորձարկելու սեփական հնարավորությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ և ստուգելու Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում սեփական ձայների քանակը: Այդ իսկ պատճառով, կուսակցություններն առանձնակի ակտիվությամբ լծվել են նախընտրական քարոզչության գործին:

 

Վանաձորում, որտեղ առաջադրվել են 8 կուսակցություններ, քարոզարշավն ընթանում է առանձնակի ակտիվությամբ: Քաղաքի կենտրոնական՝ Տիգրան մեծի փողոցը (Պրոսպեկտ) ամբողջությամբ լցված է թեկնածուների գովազդային հսկա պաստառներով, որոնք այնքան սեղմված են իրար, որ երբեմն կարելի է շփոթել իրար հետ: Քարոզչության անբաժան մասն են նաև համերգային ծրագրերը: Օրեր առաջ Համախմբում կուսակցությունը Վանաձորում կազմակերպեց համերգ, որի ժամանակ երգեց Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգին նախորդեց կուսակցության երթը քաղաքում:

 

Նույն օրը Վանաձորում կազմակերպվել էր Rock Fest, որին շտապել էին ներկա գտնվել թեկնածուները, իսկ ՀՀԿ-ն իր ներկայությամբ նույնիսկ փորձեց տպավորություն ստեղծել, որ իրենք են համերգի կազմակերպիչները և այդպիսով շահել որոշակի դիվիդենտներ:
Քարոզարշավի վերջին օրերին կուսակցությունները կազմակերպում են նաև երթեր ու հանրահավաքներ: Սեպտեմբերի 27-ին կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի երթը, որին մասնակցում էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

Սեպտեմբերի 28-ին կայացավ ԲՀԿ-ի երթը, իսկ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, միաժամանակ լինելու է մի քանի միջոցառում. երեկոյան ժամը 17:00-ից Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի կենտրոնական գրասենյակից մեկնարկելու է երթ, որին հաջորդելու է կուսակցության եզրափակիչ հանրահավաքը, իսկ հանրահավաքը ամփոփվելու է երաժշտական ծրագրով: Այսօր նաև տեղի է ունենալու Քաղաքացիական Պայմանագրի հանրահավաքը, ինչպես նաև միջոցառում է կազմակերպելու Հանրապետական Կուսակցությունը: Մյուս կուսակցությունները ևս կազմակերպում են տարատեսակ միջոցառումնր:

 

Նախընտրական քարոզարշավին մնացել է երկու օր, որին կհաջորդի լռության օրը, իսկ հոկտեմբերի 2-ին կկայանա ընտրությունը, որը կարող է բավական հետաքրքիր արդյունքներ ունենալ՝ հաշվի առնելով ընդդիմադիր կուսակցությունների աննախադեպ ակտիվությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ