Հասարակություն - Զինվորների և հրամանատարի միջև քաշքշուկը վեր է ածվել հսկայական քրեական գործի

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում հրամանատարի ու զինծառայողների միջև քաշքշուկի հետևանքով 6 զինծառայողներ հայտնվել են ճաղերի հետևում: Այս մասին Lragir.am-ին ասաց զինծառայողներից երկուսի փաստաբան Մարիամ Մկրտչյանը:
Հրամանատարի և զինծառայողների միջև միջադեպը տեղի է ունեցել զինվորներից մեկի ծննդյան օրը: Վաշտի հրամանատար Կարեն Խաչատրյանն, ով այս պահին գործով որպես տուժող է անցնում, հրամանատարությանը զեկուցել է զինծառայողների խմած լինելու մասին: Գիշերով զորքին շարք են կանգնեցրել, ապա, Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ Խաչատրյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել զինծառայողների նկատմամբ, ընդհուպ՝ հայհոյել: Դրանից հետո է, որ զինծառայողներից մեկը լեզվակռվի է բռնվել հրամանատրի հետ:

 

«Նրանց միջև միջադեպ է առաջացել, որի արդյունքում, ըստ դատաբժշկական եզրակացության տվյալների` շարքային զինծառայողն ստացել է թեթև ծանրության մարմնական վնասվածքներ, մասնավորապես` քթի կոտրվածք և կրծքավանդակի սալջարդ: Հրամանատարի վնասվածքը թեթև մարմնական վնասվածքի հատկանիշներ անգամ չի պարունակում: Սակայն իրավագիտական յուրօրինակ հմտությունների տիրապետող մեր վարույթ իրականացնող մարմինները` ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գործերով նախաքննություն իրականացնող քննիչների, ինչպես նաև նրանց նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազության, համարել են, որ հրամանատարի կողմից ընդամենը մեկ հարված է հասցվել զինվորին, այն էլ՝ անհրաժեշտ պաշտպանության նպատակով, իսկ վնասվածք ստացած զինվորը իր ծառայակից ևս հինգ ընկերների հետ մի քանի րոպե շարունակ ծեծել են, այն է` ձեռքերով և ոտքերով ցավ պատճառող հարվածներ հասցրել կապիտան հանդիսացող հրամանատարին, պատճառելով մեկ աչքի կապտուկ»,- պատմեց Մարիամ Մկրտչյանը:

 

Փաստաբանի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել գումարտակի հրամանատարի ներկայությամբ, ով ևս դեպքի վերաբերյալ ցուցմունք է տվել զինծառայողների դեմ:
«Միայն մի քանի վկաներ կան, որոնք պնդում են, որ զինծառայողները խմած են եղել, և սա այն դեպքում, երբ հետագայում փորձաքննության եզրակացությունները ցույց են տվել, որ նրանք խմած չեն եղել»,- ասաց փաստաբանը:

 

Մկրտչյանն ընդգծեց, որ գործով անցնող բոլոր 6 զինծառայողներին մեղսագրվում է նույն արարքը, քննություն իրականացնող մարմինը չի տարանջատել նրանց գործողությունները և պարզ չէ, թե, ըստ գործի նյութերի, ով է սպային հարվածել:
Սպան, որի հետ վիճաբանել են զինծառայողները, լեյտենանտի կոչմամբ մեկ այլ զորամասից վերը նշված զորմաս տեղափոխվելուց հետո, անմիջապես կապիտանի կոչում է ստացել:
Քրեական գործն արդեն գտնվում է դատարանում, հոկտեմբերի 5-ին նշանակված է առաջին դատական նիստը: 6 զինծառայողներն արդեն մի քանի ամիս է կալանքի տակ են:

 

 

Նյութն ամբողջությամբ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ