Կրթություն - Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, «Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է` վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ:

 

Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցությունը հստակ չափելի արդյունքներ է արձանագրել: «Համաշխարհային բանկն իրականացնում է քայլեր, որոնց արդյունքները պարզորոշ են. կրթության ոլորտում ծավալած համագործակցության առանցքում բանկը մշտապես ճիշտ շեշտադրումներ է արել: Այս իմաստով հստակ կարող եմ թվարկել, որ սկսած 1998 թվականից` բանկի հետ մեր աշխատանքն ինչ արդյունքներ է արձանագրել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա գնահատմամբ` այդ համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են հանրակրթության կառուցվածքային փոփոխությունները, մշակվել են ավագ դպրոցից դեպի բարձրագույն կրթության անցման մեխանիզմները, ներդրվել են բուհական ընդունելության նոր`միասնական քննությունների և բուհերի հավատարմագրման համակարգերը:

 

Վերջինիս ձևավորումն արդեն ընդգրկվել է Բոլոնյան գործընթացի շրջանակ, և մեր երկրում ՀԲ-ի գործունեությունն արդեն թիրախավորվել է դեպի ավագ դպրոցների հիմնանորոգման ապահովում:
Երախտագիտություն հայտնելով դպրոցների հիմնանորոգման ուղղությամբ ՀԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության համար` Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ իբրև կրթության պատասխանատուի` իր համար առավել կարևոր են կրթության որակի ապահովմանն ուղղվող բարեփոխումները` շեշտելով, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ են ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին: Խոսելով այդ բարեփոխումների իր տեսլականի մասին` Լևոն Մկրտչյանն առանձնացրել է 2 կարևորագույն ուղղություն` բուհերի խոշորացում և հզորացում` ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն` ֆինանսավորման և կառավարման ներքին ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ: Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ` եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆրանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել:

 

«Մեզ համար կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին` կրթության ոլորտի մարտահրավերների ու բարեփոխումների համապարփակ ներկայացման համար, ՀԲ ԿԲԾ համաղեկավար Նինո Կուտալաձեն իր հերթին կարևորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը: Վերահաստատելով ՀԲ-ՀՀ կրթության և գիտության նախարարություն արդյունավետ համագործակցության փաստը` նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են տվյալ համակարգի պատասխանատուների կողմից ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ