Մշակույթ - «Անկախության սերունդ» խորագրով համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Ս. թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Խորհրդանշական է, որ համերգին մասնակցում են միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում:

 

Նախագծի շրջանակում, ՀՀ մարզերի, մայրաքաղաքի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 700 հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հատուկ Անկախության օրվա կապակցությամբ գրված ստեղծագործություններ: Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով որպես այդ սերնդի ներկայացուցիչ կղեկավարի «Անկախության սերունդ» նվագախումբը: Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տար­բեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչներ, ովքեր նորանկախ Հայաստանի պատ­մու­թյան ընթացքում պատվով ներկայացնում են Հայաստանը ամբողջ աշխարհում: Նվագախմբի և երգչախմբի այդօրինակ մեծ կազմի համար կատարվել են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գոր­ծի­քա­վո­րող­ների կողմից: Կատարվող բոլոր ստեղծագործությունները կթվայնացվեն՝ Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին տրամադրելու նպատակով:

 

Նախագծին նախորդել է կազմակերպչական և մաս­նա­գի­տա­կան երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրա­կա­նացմանը ներ­­գրավված էին մայրաքաղաքի և ՀՀ մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքավորողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մաս­նա­գի­տական վարժանքներ են անցկացվել երի­տասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կատարողական հմտությունները:

 

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ար­ցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսում­նա­սիրումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձրացումը, իսկ համերգի իրականացումից հետո՝ առաջիկա տարիներին տաղանդավոր երա­ժիշտ-կատարողների ներգրավումը տարբեր հանրապետական և միջազգային ծրա­գրե­րում և ստուգատեսներում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ