Տնտեսություն - Պատվաստանյութերը ձեռք են բերվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով

Վերջին օրերին առանձին լրատվամիջոցներ մեկնաբանություններ են հրապարակում պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների ձեռքբերման գործում ՀՀ առողջապահության նախարարության և «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի (ըստ մամուլի այս ընկերությունը կապվում է Աղվան Հովսեփյանի ընտանիքի հետ) հարաբերությունների մասին։ Մասնավորապես, «Ժամանակ» օրաթերթի 2016թ. սեպտեմբերի 15-ի թիվ 123 համարում տպագրված «Ինչպես է Աղվան Հովսեփյանի որդին միլիոնավոր դոլարների տեր դարձել պետգնումներով» հոդվածում և civilnet.am էլեկտրոնային լրատվամիջոցում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը փաստեր ու դրանցից բխող մեկնաբանություններ է ներկայացնում, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

 

Այսպես, «Ժամանակ» օրաթերթում փորձագետը նշում է, որ «միայն ԲՑԺ-ի պատվաստանյութի համար ընկերությունը վճարել է 125 մլն դրամ, մինչդեռ Հայաստանն այդ պատվաստանյութի իր կարիքը կարող էր լրացնել ընդամենը 9-10 մլն դրամով»։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո պատվաստանյութերը, այդ թվում` ԲՑԺ-ն, ձեռք են բերվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջոցով։ Սկսած 2005 թվականից պետությունն իր վրա է վերցրել հիմնական ֆինանսական բեռը: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ մանկական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվում 200,000 դեղաչափ ԲՑԺ պատվաստանյութ, որի համար պետությունը վճարում է 11-12 մլն դրամ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով պատվաստանյութերի ձեռքբերումը պայմանավորված է համաշխարհային շուկայում հիմնադրամի առաջատար դերով (բարձր մրցակցային գներ է ապահովում ավելի քան 800 ապրանքատեսակի համար), ինչպես նաև պատվաստանյութերի որակի երաշխավորումով։

 

Հոդվածում տեղ է գտել անհեթեթ մի միտք, թե իբր ուռճացվել են պատվաստված անձանց թվերը։ Նշենք, որ պատվաստումներում նպատակային ազգաբնակչության ընդգրկման ցուցանիշները հաշվարկվում են հիմք ընդունելով վարչական վիճակագրական հաշվետվությունները, որոնք յուրաքանչյուր ամիս ստացվում են ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններից: Ընդ որում, այդ հաշվետվությունների և 2010/2015 թվականներին իրականացված առողջապահության և ժողովրդագրական հարցերով անկախ հետազոտությունների տվյալները համընկնում են (գրանցվել է ընդամենը 1-2 տոկոսի շեղում, որն ընդունելի է վիճակագրության մեջ):

 

Civilnet.am էլեկտրոնային լրատվամինջոցում տեղ գտած տեսանյութում նույն փորձագետը խոսում է «Տելիա-Մեդ» ընկերության կողմից կարմրուկ-կարմրախտ-խոզուկ պատվաստանյութի ձեռքբերման մասին։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ պատվաստանյութերը ձեռք են բերվել բացառապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով: Փորձագետը, ցավոք, խորությամբ չի կատարել իր ուսումնասիրությունը։ Հակառակ դեպքում հանրությանը մոլորության մեջ չէր գցի ոչ հիմնավոր ապատեղեկատվությամբ։ Միգուցե մեր ընդդիմախոսներին շփոթության մեջ են գցել 2015թ. փետրվարին և հոկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան պայմանով «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերը, որոնք ուժի մեջ չեն մտել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև իրականացված բանակցությունների արդյունքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1430-Ա և 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1546-Ա որոշումներով նախարարությունը պատվաստանյութերի գնումն իրականացրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։

 

Ինչ վերաբերում է 2015թ. և 2016թ. կարիքների համար անհրաժեշտ տուլարեմիա պատվաստանյութի ձեռքբերմանը, ապա գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթներին մասնակցել է միայն «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագրեր` համապատասխանաբար 49.000.000 և 84.000.000 դրամ պայմանագրային գումարներով` 1400 դրամ միավոր գնով:

 

Միաժամանակ, անդրադառնալով առանձին այն շահարկումներին, թե իբր բժշկական կենտրոնների համար սարքավորումները ձեռք են բերվում շուկայականից մի քանի անգամ ավելի թանկ գներով, նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետական ծրագրերով բժշկական կենտրոններ ստեղծվում են բացառապես Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի շրջանակում։ Ըստ կանոնակարգի բոլոր մրցույթների հայտարարումը, տեխնիկական բնութագրերը, ձեռք բերվող ապրանքների, այդ թվում` բժշկական սարքերի անվանացանկը, նախահաշվային գները, տեխնիկական մասնագրերը, ինչպես նաև մրցույթների ամփոփ արդյունքները ներկայացվում են Համաշխարհային բանկի հաստատմանը։ Հետևաբար, պարզապես անհնար է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով սարքավորումներ ձեռք բերել կամ որևէ այլ չարաշահում իրականացնել։

 

ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում և շարունակելու է աշխատել բաց և թափանցիկ` առաջնորդվելով միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով։

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ