Կրթություն - Ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էին օրակարգի հաստատման, մրցույթին ներկայացված հայտերի համառոտ վիճակագրության և մրցույթների հաղթողների ներկայացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների /մասնագիտությունների անցողիկ շեմային գնահատականների սահմանման և այլ հարցեր: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մրցույթն արձանագրել է լավ արդյունքներ, ընթացել թափանցիկ և դրական մթնոլորտում: Ըստ նախարարի` պետք է վերլուծել մրցույթի արդյունքները` արձանագրելով, թե որ բնագավառներում են առկա հայտերի ավելացում և նվազում և աշխատել այդ ուղղությամբ:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն: Մասնավորապես, նա նշել է, որ մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած գիտնականներին, և այս տարի արձանագրվել է ակտիվ մասնակցություն: Ըստ Սամվել Հարությունյանի` ընտրության համար հաշվի են առնվել 8 տարբեր չափանիշներ` գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թիվը, հղումների քանակը, ունեցած ասպիրանտերի թիվը, շահած դրամաշնորհների քանակը և այլն: Գիտպեկտոմի նախագահը տեղեկացրել է նաև, որ հայտեր են ընդունվել 6 բնագավառի ուղղությամբ, որի արդյունքում ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել բնագիտական ոլորտում: Սամվել Հարությունյանի խոսքով` մրցույթի ընթացքում հիմնականում հաշվի է առնվել գիտնականի ակտիվությունը:

 

Նշենք, որ մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 100 գիտաշխատողներին 1 տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի մայիսի 30-ի դրությամբ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

 

Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ և հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանում: Մրցույթի շրջանակներում կատարվող աշխատանքները կազմակերպում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտական հարցերի համակարգումը` մասնագիտական փորձագիտական խորհուրդը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ