Կրթություն - Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Սիրիայի Կրթասիրաց Սարգիս Ջեմբերջյանի երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը հանձնել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը :
Կրթասիրաց վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին և գործում է Կրթասիրաց մշակութային միության հովանու ներքո: Ա. Պողոսյանն այս կրթօջախի ղեկավարումը ստանձնել է 1999 թվականից: Նրա պաշտոնավարման օրոք վարժարանը դարձել է նախ միջնակարգ, իսկ 2006 թվականին՝ երկրորդական վարժարան:

 

Պարգևը հանձնելով Ն. Հարությունյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանի տարիների ազգանվեր գործը, սփյուռքում հայեցի կրթության պահպանման և զարագացման ուղղությամբ ներդրած ջանքերը. «Ձեր գործի ամենամեծ գնահատականը վարժարանի սաների հայերեն խոսքն ու գիրն է, նրանց ընտանիքների երախտապարտ վերաբերմունքը Ձեր նկատմամբ»,- նշել է Ն. Հարությունյանը:

 

Պարգևատրման արարողությանը մասնակցել է Կրթասիրաց մշակութային միության ներկայացուցիչ Ալեքսան Կարադանյանը: Վերջինս ներկայացրել է Կրթասիրաց մշակութային միության կողմից իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ դրանք կարևոր դեր ունեն սիրիահայ երիտասարդության համախմբման գործում:

 

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Ա.Պողոսյանը նշել է, որ սփյուռքում աշխատող հայ մանկավարժը պարտավոր է օգնել դժվարին պայմաններում հայտնված երեխաներին ու նրանց ծնողներին. «Ինչպես մեկ դար առաջ մեր պապերը երեխաներին հավաքում էին փողոցներից և հոգում նրանց ապագա ճակատագիրը, այնպես էլ մենք այսօր պետք է ամեն ինչ անենք նրանց համար»,- նշել է Անդրանիկ Պողոսյանը :
Հավելենք, որ Ա. Պողոսյանը եղել է նաև Գամիշլիի և հարակից շրջանների թաղային խորհրդի ատենապետը, 1991 թվականին ընտրվել և առ այսօր հանդիսանում է Բերիո թեմի Գավառական ժողովի անդամ:

 

 

ԿԳՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ