Հասարակություն - Երեխաներն Անչափահասների արդարադատության խորհրդին են ներկայացրել իրենց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները

Այսօր տեղի է ունեցել «Իրավունքների պաշտպանությունը երեխաների աչքերով» միջոցառում, որն իրականացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ: Միջոցառումն անցկացվել է «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի շրջանակում:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտեն, Անչափահասների արդարադատության խորհրդի անդամները, այլք:
Ծրագրի հիմնական նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ապահովել երեխաների մասնակցությունը և հնարավորություն տալ նրանց ներկայացնելու իրենց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Անչափահասների արդարադատության խորհրդի անդամներին:

 

Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը, նրանց ակտիվ ներգրավվածությունը նման աշխատանքներում և նշել, որ միջոցառումը հատկանշական է նրանով, որ երեխաներն իրենք են խոսելու իրենց իրավունքների և խնդիրների մասին: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ Ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխությունները վկայում են այն մասին, որ պետությունը ևս մտահոգ է վերջիններիս խնդիրներով և համապատասխան մեխանիզմներ է ներդնում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

 

Միջոցառմանը հաջորդել է երեխաների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների միջև հարցուպատասխանը և երեխաների անհատական աշխատանքների ցուցադրությունը:
Նշենք, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքների շրջանակում երեխաների հետ կազմակերպվել էին հանդիպումներ, որոնց ընթացքում երեխաների կողմից վեր էին հանվել երեխաների իրավունքների պաշտպանության կարիքները:

 

 

Արդարադատության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ