Կրթություն - Կյանքից հեռացել է Հրաչյա Թամրազյանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2016թ. սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Հրանտի Թամրազյանը: Հ. Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թվականին աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։

 

1988-91 թվականներին Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ էր։ 1993 թվականին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։
1999 թվականին Հրաչյա Թամրազյանը ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

 

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, արժանացել ՀՀ Նախագահի մրցանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Թամրազյանների ընտանիքին և հարազատներին:

 

Հրաչյա Հրանտի Թամրազյանի անունը և ավանդը՝ որպես գիտության ոլորտի երախտավորի, մշտապես կմնա մեր հիշողություններում:
Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-14:00-ն Մատենադարանի ճեմասրահում:

 

 

Կրթության եւ գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ