Կրթություն - Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութագորածարարական կենտրոնում ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունն ու դպրոցական համակարգի ձեռքբերումները:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական և ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում: Ծրագրային փաստատթղթերից ԿԳ նախարարն առանձնացրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված կրթության որակավորման ազգային շրջանակը, կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազամավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:

 

Այս երկու փաստաթղթերին հաջորդելու է կրթակարգի ընդունումը, որով կամբողջանա հանրակրթության կարևոր փաստաթղթերի եռյակը. «Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարևորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը: Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը: Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային: Մենք պիտի՞ կարողանանք մեր ատոմակայանը պահպանել ու զարգացնել, պիտի՞ կարողանանք զենքի արտադրություն կազմակերպել: Մենք պարտավոր ենք զարգացնել բնական գիտությունենրի ուղղությունը՝ սկսած կրտսեր դպրոցից, և դրա ծավալը պետք է լինի անձեռնմխելի ու այն արձանագրվի պետական կրթակարգում: Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,-իր խոսքում ընդգծել է նախարարը: Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրել է նաև փոքր դպրոցների զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակումը: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության 1390 դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչև 300 աշակերտ. մասնավորապես 427 դպրոց ունի մինչև 100 աշակերտ, 527 դպրոց ունի 101-300 աշակերտ: «Շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը, քանի որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձևաչափը կրթության որակի վրա ազդում է: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության` խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, և այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը և բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել, և հիմա համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, քանի որ Կանադայում, ՌԴ-ի հյուսիսային շրջաններում նույնպես կան նման դպրոցներ և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ այդ կարգի դպրոցներում ևս բավարար կրթության որակ ապահովել»,- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին, որպես օրինակ նշել է Մոսկվայում վերջին շրջանում կատարված դպրոցների միավորման գործնթացը. «4000 դպրոցների միավորման արդյուքնում ստեղծվել է 700 դպրոց, սակայն որևէ դպրոց չի փակվել, ոչ մի ուսուցիչ չի կրճատվել, ընդամենը կենտրոնացվել է կառավարման համակարգը և ստեղծվել է ցանցային դպրոցի մոդել: Մենք պետք է քննարկենք և լուծումներ գտնենք նաև մեր դպրոցների համար»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

 

Նախարարը պատասխանել է խորհրդակցությանը ներկա տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են աշակերտների տեղափոխման և փոխադրման կարգին, վարկանիշավորման համակարգին, ուսումնական պլաններում կատարվող փոփոխություններին, դպրոցների անձնագրավորմանը և այլ խնդիրների: Մասնավորապես առաջարկ է եղել օտար երկրներից վերադառնալու դեպքում կրթությունը նույն աստիճանում և համարժեք դասարանում շարունակելու հնարավորություն տալ՝ վերանայելով գործող կարգը: ԿԳ նախարարը՝ ի պատասխան բարձրացված հարցի նշել է, որ այստեղ իրականում կա խնդիր՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սոցիալական գործոններով պայմանավորված կա ոչ միայն արտագաղթ, այլ նաև ներգաղթ. «Շատ դեպքերում, օրինակ ծնողները խուսափում են իրենց երեխաներին Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք այստեղ տարի են կորցնում: Ես կարծում եմ, որ պետք է մտածենք մեր դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթությունն ուժեղացնելու մասին, որպեսզի հնարավորինս շատ հայ երեխաների ներգրավենք հայաստանյան դպրոցներում»,- նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետի կողմից մայրաքաղաքի տնօրեններին տրվել են ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք կազմակերպչական հանձնարարականներ: ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ