Տարածաշրջան - Իրանը շոշափում է Հայաստանի զարկերակը

 

Իրանը կարող է Հայաստանը որպես կամուրջ օգտագործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներ մտնելու համար, oգոստոսի 19-ին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Քազեմ Սադջադին: Միաժամանակ նա ասել է, որ Իրանի ու Հայաստանի քաղաքական գերազանց հարաբերության համեմատ տնտեսական հարաբերության մակարդակն անընդունելի ցածր է: Իրանը խոսել է Հայաստանին տնտեսական զարգացման առաջարկների հնարավորության մասին, որ կարող է տալ իբրեւ հարեւան: Իրանի դեսպանատանը տեղի է ունեցել զբոսաշրջային ընկերությունների ընդունելություն, կապված երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղարկման հետ:
Իրանը կարող է Հայաստանն օգտագործել իբրեւ կամուրջ դեպի ԵՏՄ, ասել է դեսպանը: Կարող է, բայց չի օգտագործում, ակնարկում է նա, հավանաբար հասկացնելով Հայաստանի իշխանությանը, որ պետք է դադարեցնել անվերջ եւ տրաֆարետային այդ հայտարարություններն ու անցնել Իրանի հետ տնտեսական հարաբերության առավել գործնական քայլերի, որոնք հետաքրքիր են երկուստեք:

 

Իրանի դեսպանը պարզորոշ ակնարկում է, որ իրենք առանց ավելորդ ցուցումների, խորհուրդների, առանց ավելորդ մատնացույցերի էլ գիտեն Հայաստանի ԵՏՄ «կամուրջի» տեղը, եւ կարող են օգտագործել, եթե ուզեն: Բայց չեն օգտագործում, որովհետեւ Հայաստանն իրենց պետք չէ դրա համար: Իրանն ունի շատ ավելի կարճ ու հարմարավետ կամուրջներ դեպի ԵՏՄ:

 

Իրանը մի քանի անգամ պարզորոշ կրկնել է, որ Հայաստանը դիտարկում է Կասպից ծովն ու Սեւ ծովը կապող միջանցք կամ կամուրջ, ինչը նշանակում է կամուրջ դեպի Վրաստան ու Եվրոպա: Հասկանու՞մ է պաշտոնական Երեւանն այդ բանը, թե ոչ: Դա այնքան պարզ է, որ հազիվ թե հնարավոր է չհասկանալ: Հազիվ թե առանձնապես մեծ ջանք է պահանջվում գիտակցել, որ Իրանին Հայաստանը հետաքրքիր է ոչ թե ԵՏՄ, այլ հակառակ համատեքստում: Եվ հայ-իրանական տնտեսական հարաբերություն կարող է զարգանալ այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը պետությունը ոչ թե դիտարկի որպես ԵՏՄ կամուրջ, այլ ինքնուրույն սուբյեկտ, որը կառուցում է իր հարաբերությունն Իրանի հետ՝ իր տնտեսական շահից ելնելով:

 

Ընդ որում, այստեղ խնդիրն անգամ ուղղակի տնտեսական ենթակառուցվածքները չեն, այլ նախ ընդհանուր այն աշխարհքաղաքական բովանդակությունը, որ Թեհրանն առաջարկում է հաղորդել հայ-իրանական հարաբերությանը, միտված Կովկասում նոր տնտեսա-քաղաքական միջազգային վեկտորի ձեւավորմանը, ներառյալ Վրաստանը:
Դա նաեւ Թբիլիսին թուրք-ադրբեջանական ներդրումային կախվածությունից դուրս բերելու, հավասարակշռելու միջոց է, դրանից բխող քաղաքական էֆեկտով:

 

Խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերության մակարդակի անընդունելիության մասին, Իրանի դեսպանը փաստացի ակնարկում է Հայաստանի քաղաքականության անընդունելիությունը, Հայաստանի անհետեւողականության անընդունելիությունը: Իրանի նոր նախագահ Ռոհանին 2012 թվականի պաշտոնամուտից ի վեր ակնարկում է, որ պետք է հետեւողական լինել հայ-իրանական հարաբերությունների, տնտեսական պայմանավորվածությունների հարցում: 2012-ից ի վեր նախագահ Ռոհանին այդպես էլ չի այցելում Հայաստան, հավանաբար հրաժարվելով զուտ արարողակարգային այցից, եթե այն չի պարունակելու շատ կոնկրետ եւ վճռական պայմանավորվածությունների տնտեսական հարաբերությունն անընդունելիից ընդունելի հարթություն տեղափոխելու ուղղությամբ:

 

Ընդ որում, Իրանը ներկայում ակնհայտորեն փորձում է թուլացնել Հայաստանի շուրջ առկա տարածաշրջանային լարվածության ֆոնը: Ակնհայտորեն դրան են միտված թե ռուս-ադրբեջանա-իրանական ֆորմատի զարգացումները, թե Սիրիայի հարցում ռուս-իրանական պայմանավորվածությունները՝ այդ թվում օդանավերի համար պլացդարմի տրամադրումը Մոսկվային, թե Թուրքիայի հնարավոր ներգրավումն այդ հարթության վրա քննարկումներին:

 

Թեհրանն այդպիսով ակնհայտորեն փորձում է թուլացնել կովկասյան լարվածությունը, պրկվածությունը, բայց աներկբա է, որ կովկասյան զարկերակը Իրանի համար Հայաստանն է եւ Հայաստանի միջոցով նաեւ Վրաստան-Արեւմուտք վեկտորի ամրապնդումը: Իրանը թուլացնում է շուրջը պրկվածությունը, հուսալով, որ զարկերակը ի վերջո կսկսի հանդարտ միջավայրում կայուն բաբախել, սակայն բաբախյունը չկա կամ շատ թույլ է, անընդունելի աստիճանի թույլ:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ