Տնտեսություն - Հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգն «արձակուրդ» է գնացել

Տնտեսվարողները հերթական անգամ բախվել են հարկային մարմնի հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգի (e-invoicing) հետ կապված խնդիրներին: Արդեն մեկ ամիս է, համակարգը «հոգեվարքի» մեջ է գտնվում: Հարկային մարմնի աշխատակիցները փորձել են թարմացնել ու կատարելագործել համակարգը, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում` ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանել: Տնտեսվարողները չեն կարողանում հարկային հաշիվները ստորագրել և արդեն կատակում են, որ «հարկայինի աշխատողների հետ կայքն էլ է արձակուրդ գնացել»: «Արձակուրդում» է նաև ՊԵԿ զանգերի կենտրոնը, որի 060544444 հեռախոսահամարին տնտեսավարողների զանգերն անպատասխան են մնում:

 

Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը նշեց, որ հուլիսի 1-ից տնտեսվարողները չեն կարողացել ՊԵԿ ներկայացնել հաշվարկները, ընդ որում` մատակարարները կարողացել են ստորագրել հարկային հաշիվները և դուրս բերել ապրանքը, իսկ այն ստացողները չեն կարողացել հաստատել և ստանալ, որի արդյունքում՝ հաշիվը վերջնական կհամարվեր: Նա նշեց, որ այժմ շատ մատակարարներից պահանջում են չեղյալ համարել այս մեկ ամսվա ընթացքում դուրս գրված հարկային հաշիվները և նորը տալ, բայց նրանք էլ հրաժարվում են. «Մատակարար կա, որ օրական 100-200 հաշիվներ է դուրս գրել, հիմա ի՞նչ, պետք է հե՞տ կանչի այդքանը, նորի՞ց դուրս գրի: Ոչ մեկը նման բան չի անի: Եվ օրական հաշվարկները կուտակվել են, իսկ Հարկային մարմինն ամբողջական լուծում չի տվել»:

 

ՊԵԿ-ը հուլիսի 20-ին հաղորդագրություն էր տարածել, որում հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգում խնդիրները պայմանավորել էր կայքի գերծանրաբեռնվածությամբ: Հարկային հաշիվների ստորագրման հետ կապված առկա խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հարկային մարմինը պետք է լրացուցիչ հաղորդագրություն տարածեր, որը մինչ օրս չկա: «Խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստացված հարկային հաշիվների ստորագրման դեպքում հարկ վճարողներն այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցել 2016թ. 2-րդ եռամսյակի կամ 2016թ. հունիս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցման համար օրենքով սահմանված այլ պահանջները:

 

Միաժամանակ, մինչև խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է նաև հետևյալ հնարավորությունը.

ա) այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր է գեներացնել PDF փաստաթուղթ (հարկային հաշիվը բացվում է PDF ֆորմատով), կարող են ստորագրվել անհատական:

բ) այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր չէ գեներացնել PDF և ստորագրել, կարող են դուրս գրվել նոր հարկային հաշիվներ` նախկին մատակարարման ամսաթվով: Համակարգում առկա խնդիրների վերացումից հետո նախկինում դուրս գրված հարկային հաշիվները հնարավոր կլինի չեղյալ համարել` կրկնակի հաշվառումից խուսափելու նպատակով»,- նշել էր ՊԵԿ-ը հաղորդագրության մեջ:

 

Գ.Պողոսյանի խոսքով` նման տեխնիկական խնդիրներ պարբերաբար են առաջանում և դա մեծ գլխացավանք է դառնում բիզնեսի համար, որը տույժ ու տուգանքների սպառնալիքի առջև է հայտնվել. «Վարչապետին կից Բիզնեսի աջակցման խորհրդի նիստում քննարկել ենք խնդիրը, լուծում է առաջարկվել, բայց այն իդեալական չէ:

 

Հնարավոր է, որ կայքը տեխնիկապես լուրջ խնդիր ունենա, երբ 70 հազար տնտեսվարողի հետ է աշխատում, բայց եթե իրենք նորմալ վերաբերվեին, հաստատ խնդիրներն ավելի հեշտ կլուծվեին: Կարող էին այս ընթացքում հաշիվները թղթային ընդունել, բայց իրենք ուզում են այս էլեկտրոնային համակարգն իդելական համարել թղթի վրա, թեև համակարգը չի աշխատում»:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ