Մշակույթ - «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվել է Գավառի երկրագիտական թանգարանում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ս. թ. օգոստոսի 5-ին, Գավառի երկրագիտական թանգարանում անցկացրել է «Էպոսյան օրեր» ավանդական փառատոնի էպոասասացության մրցույթը, որին մասնակցել են դպրոցականներ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

2011 թվականից անցկացվող փառատոնն առաջին երկու տարիներին իրականացվել է ՀՀ Արագածոտնի մարզում, իսկ 2013 թվականից ձեռք է բերել հանրապետական ձևաչափ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Այս տարի փառատոնի հանրապետական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ նախորդ տարիներին փառատոնին մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ: Մրցույթին մասնակցել են 7-16 տարեկան 25 դպրոցականներ, որոնք տարբեր հատվածներ են ներկայացրել «Սասունցի Դավիթ» էպոսից:

 

Փառատոնին կատարողական ինքնատիպությամբ հատկապես աչքի են ընկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ դպրոցականները, որոնք փառատոնի առաջատար են ճանաչվել և հատուկ մրցանակ ստացել, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:

 

Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների:

 

 

 

Մշակույթի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ