Տնտեսություն - Ասեղնագործ վարպետները մտահոգ են Վերնիսաժի և իրենց հետագա ճակատագրով. Lragir.am

Վերնիսաժում 1991 թվականից սեփական ձեռագործ ապրանքներն իրացնող մոտ 40 վարպետներ դեմ են, որ Վերնիսաժը վերածվի Ցուցահանդես-վաճառքի կենտրոնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Երևանի քաղաքապետարանին, այլ պատկան մարմիններին, այդ թվում` Հանրային խորհրդին ուղղված նամակում ժողով րդական վարպետներն ակնկալում են իրենց ապրանքներն արժանավայել ցուցադրելու համար համապատասխան տարածքների տրամադրում: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվեց Վերնիսաժին նոր կարգավիճակ տալու հարցն ու վարպետների բողոքը:

 

Ասեղնագործ-ձեռագործ վարպետների անունից հանդես եկավ ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը, ում խոսքով`ստեղծագործում է 1988 թվականից, իսկ մյուս վարպետների հետ իրենց աշխատանքները Վերնիսաժում իրացնում են 1991 թվականից: Երբ գարնանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին և քննարկել Վերնիսաժի բարեկարգման ծրագիրը, հավանություն են տվել դրան` վստահ լինելով, որ իրենց համար լավ պայմաններ են ապահովվելու: «Հույս ունեինք, որ վերանորոգումից հետո նորակառույց ճեմուղիներից մեկում, առանց տարածքների փոփոխման ու սակագների բարձրացման , տեղեր կզբաղեցնեինք: Բայց քաղաքապետին ուղղված նամակի պատասխանից երևում է, որ մեզ կտեղավորեն անցումային մասերում, ուր մեզ համար պատրաստել են 3 մետր բարձրությամբ ճաղավանդակներ` առանց ծածկի: Դա մեզ չի գոհացնում, մենք թեկուզ դժվարությամբ զարգացնում ենք մշակույթի մի ճյուղ, որը վաղուց մոռացված էր: Հիմա Վերնիսաժում կանայք կան, ովքեր աշխատում են հայկական համարյա բոլոր կարատեսակներով: Վերնիսաժն այն վայրն է, որտեղ վարպետը հանդիպում է այլ արվեստագետների, օտարազգիների հետ, ովքեր մեր միջոցով ինֆորմացիա են ստանում այդ աշխատանքների մասին»,-նշեց Վարդիշաղ Կարապետյանը:

 

Նա նկատեց, որ Վերնիսաժի վերակառուցման ծրագրով այն ցանկանում են դարձնել Ցուցահանդես-վաճառքի կենտրոն, ինչը թույլ կտա այստեղ վաճառել ամեն ինչ, մինչդեռ ի սկզբանե Վերնիսաժը արվեստի ու մշակույթի արժեքների իրացման վայր է եղել: «Մեզ համար դա խնդիր է, մենք ուզում ենք, որ ինչպես իր սկզբնավորման օրվանից եղել է, այնպես էլ հիմա լինի, մշակութային կենտրոն: Ինչ նպատակ կա այսքան «մոլերի» մեջ մեկ «մոլ» ավելացնել քաղաքի կենտրոնում: Թող մեզ մի քիչ հարգանքով վերաբերվեն: Ամեն անգամ, երբ փոփոխության հարց է առաջանում, հարվածի տակ ընկնում ենք մ ենք»,-նշեց ժողովրդական վարպետը:

 

Նիստի ժամանակ կարծիք հայտնեցին ՀԽ անդամներ, ովքեր մեծամասամբ կիսում էին ժողովրդական վարպետների մտահոգություններն ու կոչ անում պահպանել Վերնիսաժ անվանումն ու դրա սկզբնական նշանակությունը:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ