Տարածաշրջան - Լյարդաբանական օրեր ԼՂՀ-ում

ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում լյարդաբանական օրեր անցկացվեցին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ 

 


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում Հայաստանի լյարդաբանների ԼՂՀ-ի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացրեցին բաց դռների օրեր։

 

Բնակչությունն այդ մասին նախապես տեղեկացված էր, ուստի երկու օրվա ընթացքում հեպատիտ Ց-ի վերաբերյալ սկրինինգային հետազոտություն անցավ ԼՂՀ 527 քաղաքացի։
Խորհրդատվություն է տրամադրվել 150 այցելուի` կատարելով որովայնի խոռոչի օրգանների գործիքային հետազոտություն (սոնոգրաֆիա)։ Ըստ անհրաժեշտության իրականացվել է նաև արյան կլինիկական և բիոքիմիական 100 հետազոտություն։ Այս ամենն, իհարկե, անվճար հիմունքներով:

 

Միաժամանակ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան (նախագահ` Հասմիկ Ղազինյան) կազմակերպել է վիրուսային հեպատիտներ Բ և Ց վարակների վերաբերյալ գիտաժողով։ Հայաստանի մասնագետները ներկայացրել են աշխարհում առկա համաճարակաբանական իրավիճակին, ծանոթացրել հիվանդությունների կլինիկային, բուժման ժամանակակից մոտեցումներին և գործող ուղեցույցներին։ Գիտաժողովին մասնակցել են ԼՂՀ բժշկական կազմակերպությունների մասնագետները` ինֆեկցիոնիստները, գաստրոէնտերոլոգները, թերապևտները, գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, ինչպես նաև գլխավոր բուժքույրերը:

 

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար։

 

Մեր մասնագետները մտադիր են շարունակական դարձնել լյարդաբանական օրերի անցկացման, վիրուսային հեպատիտների վերաբերյալ ԼՂՀ ազգաբնակչության հետագա սկրինինգի ապահովման և լյարդաբանության բնագավառում ձեռք բերված նորագույն բոլոր ուղեցույցների ներդրման ծրագիրը: Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան հետագա իր ծրագրում ներառել է նաև առաջիկայում ԼՂՀ-ում միջազգային գիտաժողով կազմակերպել` ՀՀ և ԼՂՀ առաջատար մասնագետների համագործակցությունն ավելի սերտացնելու նպատակով։

 

 

Առողջապահության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ