Կրթություն - Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 19 երկրներում գործող հայկական կրթական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:

 

 

Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

 

Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ջերմորեն ողջունում եմ Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Պարբերաբար հրավիրվող այս խորհրդաժողովները կարևոր խթան են սփյուռքում կրթական գործի կազմակերպման, կատարելագործման և զարգացման համար: Եթե նախկինում խոսում էինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, ապա այսօր գործ ունենք համատեղ իրականցվող լուրջ ծրագրերի հետ: Այս ծրագրերի թարմացումը, արդիականացումը պետք է համահունչ լինեն նորագույն պահանջներին և մեր բարդ ժամանակաշրջանում արագ փոփոխվող մարտահրավերներին: Նոր ժամանակները բերում են ոչ միայն նոր խնդիրներ, այլև բացում են նոր տեխնիկական և կազմակերպական հնարավորություններ, որոնք պետք է լիարժեք օգտագործվեն համայն հայության առջև ծագած խնդիրների լուծման գործում: Ուսումնամեթոդական աջակցության, կրթական չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համակողմանիորեն և ստանան լուծումներ: Հայաստանի Հանրապետության աջակցությունը բոլոր դեպքերում պետք է լինի առավել առարկայական և նպատակային: Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ հանուն հայապահպանության շնորհակալ և նվիրական գործի»:

 

Խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարևորել է մայր հայրենիքի և Սփյուռքում գործող հայկական գաղթօջախների հորիզոնական կապերի զարգացումը, հայեցի կրթության ամրապնդումն ու շարունակականությունը՝ այս գործում ընդգծելով հատկապես հայ ընտանիքի և համայնքի դերակատարումը. «Հայեցի կրթության և դաստիարակության գործում հայ ընտանիքը կատարում է եզակի գործ՝ դառնալով ինքնատիպ օազիս հայկականության, ազգային ընկալման և նույն ոգով դաստիարակման համար: Հայկական ընտանիքների համար կրթության հիմնական օղակը դառնում է համայնքը՝ ամենօրյա կամ կիրակնօրյա դպրոցների միջոցով»,- նշել է Ս. Երիցյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում գործող պետական կառույցները պետք է նախ հասկանան Սփյուռքում առկա կրթական խնդիրները, ապա փորձեն գործուն աջակցություն ցուցաբերել՝ հայ երեխային մայրենիի իմացությունը հասանելի դարձնելու կարևոր գործում:

 

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ԱԺ նախագահ Գ. Սահակյանը: Խորհրդաժողովի բացմանը ներկա են եղել և մասնակցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Նշենք, որ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:

 

 

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին և մանկավարժական ձեռքբերումներին: Խորհրդակցաբար մշակվել են մոտեցումներ, որոնք դրվել են հետագա միջոցառումների անցկացման հիմքում:

 

Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալ ուսումնական ավանդական խնդիրներին, ինչպիսիք են՝ դասագրքերի բովանդակությունը, դրանց բազմազանությունը, ուսուցչական կադրերի որակը, ուսումնամեթոդական աջակցությունը Հայաստանի կողմից: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված խնդիրները: Խորհրդաժողովում, որպես աշխատանքի հիմնական ձև, սահմանված են բաց քննարկումները:

 

 

Կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ