Տարածաշրջան - Այս տարվա աշնանը շահագործման է հանձնվելու իրանական Մեշհեդ քաղաքի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղին

Այս տարվա աշնանը շահագործման է հանձնվելու իրանական Մեշհեդ քաղաքի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղին, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը:

 

Նախիջեւանը Հայաստանի, Իրանի եւ մի փոքր էլ Թուրքիայի հետ սահմանակից էքսկլավ է: Իրանա-նախիջեւանյան երկաթուղին իմաստ ունի միայն այն դեպքում, եթե բացվի Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանը, եւ այդ դեպքում Իրանից Նախիջեւանով, Հայաստանով եւ Վրաստանով հնարավոր կլինի հասնել Սեւ ծովի ափ: Միակ խոչընդոտը փաստացի Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ փակ սահմանն է:

 

Օգոստոսի 8-ին Բաքվում կայանալու է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Պուտինն ու Ռուհանին քննարկելու են երկաթուղային հաղորդակցության բացումը: Դատելով ադրբեջանական տեղեկատվությունից՝ խոսքն Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մերձկասպյան հաղորդակցությունների մասին է: Երկար տարիներ Իրանին ինչ-որ բան խանգարում էր բացել այդ ճանապարհը: Հնարավոր է, Իրանը չի ցանկանում Եվրոպայի հետ կապվել Ռուսաստանի միջոցով:

 

Կարելի է ենթադրել, որ Ռուհանին եւ Պուտինն այդ մասին խոսելու են Ալիեւի հետ: Չէ՞ որ Նախիջեւանի սահմանի բացումը կախված է Ալիեւից, իսկ ավելի ճիշտ՝ այն բանից, թե ղարաբաղյան հարցում Պուտինն ու Ռուհանին ինչ կառաջարկեն Ալիեւին:
Հատկանշական է, որ օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը: Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հուլիսի սկզբին Բաքվում քննակել է հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը: Պետք է ենթադրել, որ էրդողանն ու Պուտինը կքննարկեն Կարս-Գյումրի ճանապարհի բացման հնարավորությունը՝ նորից ղարաբաղյան «երաշխիքներով»:

 

Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն սկզբունքով կառավարում է «Ռուսական երկաթուղիները», եւ հաղորդակցության բացումնԻրանն ու Թուրքիան քննարկում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: Հասկանալի չէ, թե Պուտինը որքանով կարող է Հայաստանի փոխարեն երաշխիքներ տալ Ղարաբաղի հարցում, սակայն ակնհայտ է, որ նա կարող է Հայաստանին «ճնշելու» որոշակի պարտավորություններ վերցնել:

 

 

Տարածաշրջանը բացելու այլ տարբերակ կա՞ բացի Ռուսաստանի հետ համաձայնեցված տարբերակներից: Ուժային այլ կենտրոններն իրենց ծառայություններն առաջարկու՞մ են այս հարցում եւ արդյոք դրանք ներառում են ղարաբաղյան պայմանը:
Հայաստանը կարո՞ղ է Ռուսաստանին շրջանցելով անջատ բանակցություններ սկսել Նախիջեւանի հետ սահմանի բացման հարցով: Թե՞ Հայաստանը հաղորդակցությունների բացման մի ճանպարհ է տեսնում՝ զիջումներ Ղարաբաղում: Դատելով ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղի սահմանի ամրապնդումից՝ Հայաստանն այդ ճանապարհն ակտուալ չի համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ