Տնտեսություն - «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե: Նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշեց, որ այս տարվա ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի համար բնական գազի գինը սահմանին 1000 խմ համար սահմանվել է 150 ԱՄՆ դոլար:

 

Ըստ որոշման՝ այս տարվա երկրորդ-չորրորդ եռամսյակներում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնվում է ընկերությանը, բացառությամբ եկամտի այն մասի, որը ստացվել է երկրորդ-չորրորդ եռամսյակներում՝ Հայաստանի համար 1000 խմ համար 165 ԱՄՆ դոլարից ցածր գազի գնի նվազեցումից:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործող սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 189 ԱՄՆ դոլար է: 2016թ. հուլիսի 1-ից ընկերության համար սահմանված սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 150 ԱՄՆ դոլար է:

 

Ըստ որոշման՝ 1000 խմ համար 189 ԱՄՆ դոլարի և 165 ԱՄՆ դոլարի տարբերությունը մնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ 2016 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերությունը կազմող 15 ԱՄՆ դոլարը ընկերության կողմից ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, ընկերությունն այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար առաջացած 3 մլն 744 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 789 մլն 021 հազար ՀՀ դրամը փոխանցում է պետական բյուջե:

 

Միաժամանակ որոշվեց, որ այդ գումարը դարձյալ կուղղվի «Գազպրոմ Արմենիային»: Այսինքն՝ նույն գումարի չափով ավելացվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասը: Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ