Տարածաշրջան - Ադրբեջանը պատանդ է վերցրել հայազգի քաղաքացու

Տեղեկատվական հարթության վրա աշխույժ տարածում է գտնում Բաքվում Ռուսաստանի հայկական ծագումով քաղաքացու ձերբակալման եւ կալանավորման մասին պատմությունը:

 

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովին ադրբեջանցիները ձերբակալել են հունիսի 9-ին: Նա ծագումով հայ է, ազգանունը Գալստյան: Նրա ձերբակալման պաշտոնական պատճառը թմրանյութի իրացման կասկածանքն է: Սակայն նրա քույրը՝ ՌԴ քաղաքացի Վ. Միրզոյանը, դիմել է Ռուսաստանի պետական կառույցներին եւ խնդրել զբաղվել եղբոր հարցով, նշելով, որ նրա ձերբակալության իրական պատճառը լրտեսության կասկածանքն է, քանի որ նա ազգությամբ հայ է:
Այդ մասին նշվում է Բաքվում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպանատունը հայտնել է, թե դիմել է Ադրբեջանի համապատասխան կառույցներին, որպեսզի տեսակցեն ձերբակալված քաղաքացու հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղարկվել է համապատասխան բողոքագիր: Ավելի վաղ, համացանցում տարածվել էր նաեւ ՌԴ դիվանագիտական առաքելության պատասխանը Վ. Միրզոյանին, որտեղ նշվում էր, թե նրա եղբոր ազգությամբ հայ լինելն իհարկե բարդացնում է Ադրբեջանում նրա շահի պաշտպանության հարցը:

 

Փաստացի կարող է ստացվել, որ Բաքուն Ռուսաստանի հայազգի քաղաքացուն պարզապես վերցրել է պատանդ: Համենայն դեպս, ներկայում ստացվում է ուշագրավ մի վիճակ, եթե նկատի առնենք, որ ներկայում Ստեփանակերտում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտներից մեկը՝ Դիլհամ Ասքերովը, Ռուսաստանի քաղաքացի է:
Ոչ վաղ անցյալում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, թե Ռուսաստանն աշխատում է այդ հարցը լուծելու ուղղությամբ:
Ադրբեջանը հավանաբար դժգոհ է այդ ուղղությամբ Ռուսաստանի աշխատանքի արդյունավետությունից եւ ըստ երեւույթին որոշել է պատանդ վերցնել Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացու: Չի բացառվում, որ Բաքուն Գալստյանի հարցը լուծելու համար Մոսկվայից կպահանջի առավել արագ լուծել Ասքերովի հարցը:

 

Իհարկե, այստեղ իրողությունները համեմատական չեն, այն իմաստով, որ Դիլհամ Ասքերովը դիվերսանտ է եւ կատարել է հանցագործություն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների դեմ, խախտել է Արցախի պետական սահմանը, սպանել է Արցախի քաղաքացու: Այդ իմաստով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասքերովը Ստեփանակերտում իր պատիժը կրում է միջազգային եւ հայկական բոլոր օրենքներին համապատասխան:

 

Իսկ Գալստյանի ձերբակալումը հիշեցնում է հենց պատանդառություն, որի միջոցով Բաքուն երեւի թե փորձում է նախ «հավասարեցնել» իրավիճակը, իսկ հետո Մոսկվային մղել Ասքերովի հարցը առավել աշխույժ լուծելուն:
Ադրբեջանը հենց սկզբից գործադրեց հնարավոր ու անհնար թերեւս բոլոր ջանքերն իր դիվերսանտներին հետ ստանալու համար, որոնցից առանցքայինը ամենայն հավանականությամբ հենց հանդիսանում է Ասքերովը, որը ադրբեջանական հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա է: Եվ ամենայն հավանականությամբ նաեւ ռուսական հատուկ ծառայությունների, այլապես դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի քաղաքացին, այն էլ հատուկ ծառայությունների աշխատակից, հենց այնպես լիներ նաեւ ՌԴ քաղաքացի:

 

Ադրբեջանն իր ջանքերը աշխուժացրեց հատկապես 2015-ի փետրվարին, եւ ըստ ամենայնի հենց այդ ժամանակ էր, որ դրանց ներգրավվեց նաեւ Ռուսաստանը: Ընդ որում, ռուս-ադրբեջանական այդ համատեղ ջանքը Երեւանում նրբորեն գաղտնազերծեց այդ ժամանակ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը, որը Երեւանում հայտարարեց, թե հայկական կողմն օրինակ կարող է փոխադարձ վստահության եւ կայունության համար որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին հանձնել դիվերսանտներին: Նուլանդը ակնհայտորեն հայկական հասարակությանը սադրեց հակառակ արձագանքի, երեւի թե քաջատեղյակ լինելով, որ հարցը քննարկվում է ռուս-ադրբեջանական կուլիսներում, եւ կարող է տեղի ունենալ որեւէ գործարք, օգտագործելով ՌԴ ազդեցությունը Հայաստանի իշխանության վրա:

 

Չի բացառվում, որ այժմ Ալիեւը վերստին ակտիվացնում է դիվերսանտներին վերադարձնելու ջանքերը եւ պատանդ վերցնում Ռուսաստանի հայազգի քաղաքացուն: Հնարավոր է իհարկե, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանից պահանջի այլ գին: Բայց, բոլոր դեպքերում, մեծ է վտանգը, որ լինելու դեպքում, այդ գինը առնչվելու է Հայաստանին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ