Հասարակություն - Ինչ հանգուցալուծում է սպասվում

Երեկ Երեւանում լարված օր էր: Օրվա ընթացքում անընդհատ տեղեկություններ էին տարածվում, որ ուժայինները պատրաստվում են գրոհել զինված խմբի կողմից գրավված գունդը: Տեղեկություններ էին տարածվում, թե ոստիկանությունը կուտակումներ է սկսել գնդի մերձակա տարածքում:

 

Իրավիճակը լարվեց երեկոյան կողմ, երբ գնդի տարածքում հնչեցին կրակոցներ, եւ տեղեկություն եղավ, որ կան վիրավոր ոստիկաններ:

 

Գնդի մերձակա տարածքում այս տեղեկություններից հետո բավական մեծ բազմություն հավաքվեց, իսկ քիչ վերեւ՝ Սարի թաղում բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ոստիկանների, քաղաքացիները ցանկացել են մտնել արգելված տարածք, որի հետեւանքով էլ եղել է բախումը: Պարզվեց՝ 4 ոստիկանները վիրավորվել են այստեղ, վնասվածքները հրազենային չեն: Իսկ զինված խմբի անդամները հայտարարել են, որ իրենք օդ են կրակել՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով ոստիկանության գործողությունների դեմ:

 

Երեկ հայտարարվեց, որ բանակցությունները շարունակվում են, հայտարարվեց նաեւ, որ ԱԱԾ-ն ինչ որ առաջարկներ է արել խմբին, եւ խումբը պետք է պատասխաներ ժամը 19.00-ին: Սակայն մանրամասներ չեն հաղորդվում՝ ինչ առաջարկներ են դրանք, եւ ինչ է պատասխանել խումբը: Ի դեպ, հենց ժամը 19.00-ից հետո էլ իրավիճակը սրվեց:

 

Երեկվա իրադարձությունները մոտավորապես ուրվագծեցին իրավապահների ու զինված խմբի մարտավարությունը: Ուժայինները պաշարման մեջ են վերցրել տարածքը եւ զինված խմբին կոչ են անում բանակցությունների արդյունքում հանձնվել, եւ կարծես թե այլ որոշում այս պահին չկա: Զինված ապստամբության կազմակերպիչներն, իրենց հերթին, փորձելու են իրավիճակը սրելով հասնել այն բանին, որպեսզի ավելի շատ զանգվածներ միանան իրենց:

 

Երեւանյան իրադարձություններն արդեն միջազգային արձագանք են գտնում: Ռուսաստանը դա գնահատել է որպես «կրիմինալի դրսեւորում», իսկ ԱՄՆ Պետդեպը դատապարտել է «բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը»:

 

Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում, ում օգտին է աշխատում ժամանակը: Համենայնդեպս, կարծես թե իրադարձությունները զարգանում են ոչ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ