Տնտեսություն - Ինչպես Հայաստանը չդարձավ զբոսաշրջության կենտրոն

Մի ժամանակ մեր կառավարությունը պարբերաբար տնտեսության որևէ ոլորտ գերակա էր հայտարարում: Չի կարելի ասել, որ դրանից անմիջապես հետո տվյալ ոլորտը միանշանակ հայտնվում էր ծանր իրավիճակում: Բայց նաև հակառակը պնդել էլ չի կարելի: Արդեն դժվար է հիշել, թե զբոսաշրջությունը որ թվականից է գերակա հայտարարվել: Բայց ակնհայտ է մի բան՝ զբոսաշրջությանը մենք գերակայի կարգավիճակ տվեցինք, բայց այն, չգիտես ինչու, սկսեց զարգանալ Վրաստանում:

 

Մեկ-երկու տարին մեկ միջազգային «Զբոսաշրջության մրցունակության զեկույց» է հրապարակվում: Վերջինն ամփոփել էր 2015թ. արդյունքները: 141 երկրների տվյալների համադրման արդյունքում մեր երկիրը հայտնվել է 89-րդ տեղում: Միանգամից ասենք, որ Վրաստանի դիրքն էլ մի առանձնապես բարձր չի: Մեր հարևանը 71-րդն է: Բայց շատ ավելի կարևոր է այն, որ Վրաստանն առաջադիմել է, իսկ մենք նահանջ ենք արձանագրել: Երբ մեր կառավարությունը ոլորտը գերակա էր հայտարարում, հավանաբար տեղյակ չէր, որ զբոսաշրջությունը զարգացնելն ահագին բարդ գործ է:

 

Միջազգային զեկույց գրողներն ամեն ինչ հաշվի են առնում՝ ճանապարհների որակից` մինչև հյուրանոցների, ճանապարհային երթևեկության նշանների ու, ասենք, «վիզա քարտ» ընդունող բանկոմատների քանակ: Պարզվում է` այդ բոլոր ցուցանիշներով զիջում ենք: Բայց վիրավորականը դա չէ: Զեկույցը գրողները, որպես զբոսաշրջության լուրջ խոչընդոտ` առանձնացրել են նաև ավիատոմսերի բարձր գներն ու «Ոլորտը սպասարկող անձնակազմի վերապատրաստման ցածր աստիճանը և որակյալ աշխատուժի պակասը»: Մեր երկրի համարյա բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող բուհերը զբոսաշրջության ոլորտի մասնագետներ են դիպլոմավորում: Բայց մինչ այս ոչ ոք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ տվյալ ոլորտի համար այդքան մեծ քանակով «մասնագետներ» արտադրելու համար երկիրը դասավանդողների անհրաժեշտ ներուժ չունի:

 

Ոլորտը գերակա հայտարարելուց հետո մեր կառավարությունը մի քայլ էլ կատարեց, որ պիտի խթաներ ներքին տուրիզմը: Խոսքը պետական ծառայողների համար սոցիալական փաթեթի ներդրման մասին է: Այն նաև հանգստի բաղադրիչ ուներ: Այսինքն` պետությունն աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն` պետական ծառայողներին ոչ կանխիկ գումար էր հատկացնում հանգստի համար: Նման բան տեսել էի էներգետիկ ու տնտեսական ճգնաժամի ճիշտ բարձրակետին՝ 1994 թվականին: Այդ տարիներին աշխատող հազվագյուտ արտադրական ձեռնարկություններից մեկն իր աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ չէր վճարում:

 

Աշխատակիցներին պարտադրված էր սնվել ձեռնարկության ճաշարանում: Սնունդի արժեքն ամսվա վերջում հանվում էր վճարվելիք աշխատավարձից: Ձեռնարկության սեփականատերը բացատրեց, որ ստիպված է գնալ այս քայլին, քանի որ քար մշակելը ծանր ֆիզիկական աշխատանք է, և իր բանվորները պարտադիր պիտի կուշտ լինեն: Ըստ սեփականատիրոջ` իր աշխատակիցները մինչ պարտադիր ճաշելու մեթոդի ներդրումը աշխատավարձը ծախսում էին ընտանիքի մյուս անդամների վրա: «Փոխանակ կարգին ուտեն ու գան աշխատանքի, փողը ծախսում են երեխաներին ու թոռներին կոնֆետ-մոնֆետ առնելու վրա, իսկ ինձ աշխատունակ բանվորներ են պետք»,- բողոքում էր սեփականատերը:

 

Վստահ չեմ, որ հենց այս մոտեցումն էր ընկած հանգստի պարտադիր բաղադրիչի ներդրման տրամաբանության հիմքում: Նաև այն պատճառով, որ դժվար թե մեր կառավարությունը նպատակ դներ բարձրացնել պետական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ ձեռնարկատիրոջ նման: Բայց ավելի քան վստահ եմ, որ ուսուցիչներն ու մնացած բոլոր պետական ծառայողները, եթե կանխիկ գումարի տեսքով ստանային հանգստի համար նախատեսված գումարը, հիմնականում, հանգստի մեկնելու փոխարեն` ընտանեկան որևէ հոգս կլուծեին:

 

Իսկ պարտադրելու դեպքում ահագին լուրջ ոլորտ էր ձևավորվել՝ հանգստի տներ ու էժան հյուրանոցներ էին հայտնվել, որ գոյատևում էին պետպատվերի հաշվին: Բոլորովին այլ հարց է, որ այս ոլորտն էլ, պետական գնումների մյուս բոլոր դեպքերի նման, կոռուպցիայի ու պետական միջոցների յուրացման ոլորտ է դարձել: Բայց, երբ կառավարությունը մոտ երկու ամիս առաջ հայտարարեց, թե անողոք ու անզիջում պայքար է սկսում կոռուպցիայի դեմ, դժվար էր ենթադրելը, որ այն կսկսի հենց 150 կամ մի քիչ ավելի հազար պետական ծառայողների հանգստի բաղադրիչի ոլորտում: Կառավարությունն իր քայլը հիմնավորեց ոլորտում առկա թերություններով:

 

Բայց շատերն իրական պատճառ են համարում պետբյուջեի վատ վիճակը՝ իբր հաջորդ տարիների բյուջետային ծախսերը հաշվարկելիս` կառավարությունը փորձում է կրճատել` ինչ հնարավոր է: Ընդունեք, որ սա էլ է ճշմարտանման փաստարկ: Որովհետև, եթե կառավարության որոշման հիմքում միայն կոռուպցիոն ռիսկերի մեղմումը լիներ, ապա պետությունն ընդհանրապես պիտի հրաժարվեր պետական գնումներ կատարելուց: Հիմա շատերն են խոսում այն մասին, ու ռազմական գնումների ոլորտում էլ նույն ալան-թալանն է, ուր մնաց թե` այն բացառվի հանգստի բաղադրիչի վճարման գործում:

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ