Տնտեսություն - Հայաստանի զարգացման հիմնադրամը վարկերի սուբսիդավորման հայտեր չի ստացել

Ավելի քան կես տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գործող արտահանման աջակցման խորհրդի շրջանակներում դեռևս որևէ ընկերություն սուբսիդավորում չի ստացել:


Այն ստեղծվել է այս տարվա հունվարի 13-ին՝ վարչապետի որոշմամբ, իսկ աջակցության համար որպես գերակա ոլորտներ են ընտրվել գինին, մրգային օղին, պահածոները, մսամթերքն ու ձկնամթերքը: Այս ոլորտների ընկերությունները համատարած դժգոհում են արտահանման ծավալներից՝ հավելելով, որ էական աջակցություն չեն ստացել կառավարության կողմից:

 

Արտահանման աջակցման խորհուրդը որոշել է, որ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում կստանան Արտահանման ապահովագրական գործակալության տրամադրած ապահովագության շրջանակներում, այդ ընկերությունների վարկերը սուբսիդավորվելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ վարկերի սուբսիդավորման հայտեր դեռևս չեն ստացվել:
«Արտահանման աջակցման մեխանիզմը տարածվում է ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի N 5-Ա որոշմամբ գերակա համարվող արտադրատեսակների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա՝ գինի, մրգային օղի, պահածո, մսամթերք, ձկնատեսակներ և ձկնամթերք: Աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական ՓԲԸ կողմից արտահանման գործարքների ապահովագրման արդյունքում բանկերի կողմից տրամադրված վարկերի (նախաարտահանման և հետարտահանման) տոկոսադրույքների սուբսիդավորման և ապահովագրության համար գանձվող ապահովագրավճարների փոխհատուցման տեսքով։

 

Վարկերի սուբսիդավորումը իրականացվում է վերոհիշյալ որոշմամբ սահմանված չափով, համապատասխան գործակցի կիրառմամբ և ժամկետներով։ Մի շարք կազմակերպություններ աշխատանքային կարգով խորհրդատվություն են ստացել Հայաստանի զարգացման հիմնադրամից՝ դիմելու և վարկերի սուբսիդավորում ստանալու ընթացակարգի վերաբերյալ: Հայաստանի զարգացման հիմնադրամն առայժմ վարկերի սուբսիդավորման հայտեր չի ստացել», տեղեկանում ենք հիմնադրամից:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ