Տարածաշրջան - Սարգսյանն ու Ալիեւը բացահայտեցին բանակցության թեման

Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակներում ելույթներ են ունեցել Սերժ Սարգսյանն ու Ալիեւը, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ: Խոսք է եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու մասին:

 

ՆԱՏՕ-ի ամփոփիչ կոմյունիկեում խոսվում է երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հակամարտությունները երեք հիմնարար սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու մասին:

 

Ալիեւն ինչպես միշտ խոսել է տարածքային ամբողջականությունից եւ երկրի 20 տոկոսի «օկուպացման» մասին: Նա ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Միսնկի խմբի հայտարարությանը, որում խոսք է գնում ստատուս քվոյի անթույլատրելիության մասին: «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է Ադրբեջանի տարածքի ազատումն օկուպացիայից», ասել է նա:
Իր հերթին, Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ «ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

 

Այսպիսով, ՆԱՏՕ վեհաժողովում հստակեցվեց Ղարաբաղյան «կարգավորման» նոր փուլի թեման: Խնդիրը հետեւյալն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի կարգավիճակը: Բաքուն պնդում է դրա փուլային տարբերակը՝ տարածքների վերադարձ, վերջում կարգավիճակի քննարկում: Հայաստանը պնդում է փաթեթայինը՝ նախ կարգավիճակը, հետո մյուս հարցերի քննարկումը:
Պետք է նշել, որ Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո Ալիեւն առաջին անգամ վերջին տարիներին խոսել էր Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հնարավորությունից, սակայն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա ասել էր, թե թույլ չեն տա հայկական երկրորդ պետությունը Ադրբեջանի տարածքում:

 

Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, եւ ամեն ինչ որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը:

 

Ապրիլյան պատերազմը ծանր հետեւանքներ է ունեցել Ադրբեջանի համար: Տապալվել է թե ռազմական, թե քաղաքական դիվանագիտությունը, եւ միջնորդները Բաքվին ակնհայտորեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը: Եթե Հայաստանը վարեր ավելի սկզբունքային ու ինքնիշխան քաղաքականություն, Բաքվի հանդեպ այս հարկադրանքը կլիներ ավելի ուժեղ:

 

Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականության արդյունքում, որն ընդամենը կցորդ է ռուս-ադրբեջանական պլաններին, Բաքուն հնարավորություն է ստացել տապալել թե Վիեննայի գլխավոր արդյունքը՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը, որը նշանակում է ստատուս քվոյի միջազգային ճանաչում, թե ընդհանրապես քաղաքական գործընթացն ինքնին:
Եթե Հայաստանը շարունակի այս քաղաքականությունը, ապա միջնորդներն էլ պատճառ չեն ունենա ընդառաջ չգնալ Ադրբեջանի պահանջներին:

 

Հայաստանը պետք է կայացնի ինքնիշխան եւ ոչ թե ռուս-ադրբեջանական շահից բխող որոշումներ: Միջնորդների համբերությունն անսահման չէ: Եվ պատրաստ լինել Ադրբեջանի սադրած հնարավոր նոր պատերազմին, որից հետո պետք է Ադրբեջանը պետք է խոսի իր տարածքի արդեն ոչ թե 20, այլ 40 տոկոսի «օկուպացման» մասին, առանց կասկածելի հրադադարի: Այդ պարագայում սա կլինի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ