Կրթություն - Վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. Հովիկ Աբրահամյան

Երեկ` հուլիսի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կրթության ոլորտի հիմնախնդիրներին և հանձնարարական տվել ՀՀ կրթության և գիտության նախարարին:

 

«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են: Կրթական ոլորտի բոլոր մակարդակներում առաջնահերթություններն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:

 

Հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միևնույն ժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր, վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Դպրոցի ղեկավարի նշանակումը սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց:

 

Վերանայման անհրաժեշտություն ունեն նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ առնչվող հարցերը: Որոշակի լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցի հիմնախնդիրները: Բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: Ուզում եմ նաև ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման և գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման և կատարելագործման կարիք ունեն դպրոց-բուհ անցումը ապահովող կառույցների գործառույթները:

 

Նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը և հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը: Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը և մեր երկրի զարգացման համար հույժ կարևոր մասնագիտությունների պահպանումը պետք է լինեն համալսարանական առաքելության կարևորագույն հատկանիշները:

 

Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ կրթության և գիտության նախարարին նախապատրաստել ինձ մոտ հանրակրթության հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ և դրանցից ածանցվող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ, որտեղ կնշվեն հստակ մեխանիզմներ կրթության որակի բարձրացման մեխանիզմների վերաբերյալ»,-նշել է գործադիրի ղեկավարը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ