Մշակույթ - Ինչպես չդառնալ թատրոնի ղեկավարի «ստրուկները». Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանի մտահոգությունը՝ Կամերային երաժշտական թատրոնի ճակատագրի եւ ոլորտի խնդիրների վերաբերյալ 2004 թ.-ից «Առավոտն» անդրադառնում է Կամերային երաժշտական թատրոնի խնդրին: Այստեղ մշտապես կրքերը եռում են, եւ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե ստեղծագործական, այլ ներանձնային խնդիրների ու խարդավանքների վրա:

 

Վերջերս էլ Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել, իսկ խորհրդի նախագահ Արա Խզմալյանն «Առավոտին» ասել էր, որ պատճառը տնօրեն Վարդան Գրիգորյանի՝ բնագավառին չտիրապետելն է, տնօրենի մասնագիտական իրազեկության բացակայությունն է, թատրոնի կառավարման տրամաբանությունը չիմանալը, բոլոր հանգուցային, ստեղծագործական, հայեցակարգային որոշումները փակուղու հասցնելը:

 

«Առավոտը» թեմայի վերաբերյալ զրուցեց նաեւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ: Պարոն Բաբայանն ասաց, որ Կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը չպետք է միայն այդ թատրոնի հետ կապել: «Մեզ մոտ կարծես վերանում է հասկացությունը, թե ինչ բան է թատրնը… Շենք, տնօրեն, գլխավոր հաշվապահ, կադրերի բաժին, աշխատողներ, սոցվճարներ, աշխատավարձեր՝ այս ամենը դեռ թատրոն չէ, թատրոնն առաջին հերթին գեղարվեստական գաղափար է, որի շուրջ հավաքվում են մարդիկ: Կամերային երաժշտական թատրոնն ունի երկու ճանապարհ. մեկը վերադառնալ իր ակունքներին, իսկ այն ի սկզբանե կամերային երաժշտական էր, բայց պարզապես երաժշտական ղեկավար նշանակելով, թատրոնը դեռ երաժշտական չի դառնում:

 

Համապատասխան բազա է պետք, ղեկավարի համապատասխան լիազորություններ, ֆինանսավորում, կադրեր …Իսկ երկրորդ ճանապարհն այն է, որ այս թատրոնը դառնա ազատ բեմ՝ հետաքրքիր երիտասարդական նախագծերի համար, ու կարծես թե այդ գաղափարախոսության շուրջ էլ հավաքված է գեղարվեստական խորհուրդը՝ լավագույն երիտասարդական ուժերով»,- հայտնեց Ռուբեն Բաբայանը: Նա փաստեց նաեւ, որ թատրոնը պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) է, որը առաջնորդվում է մի սկզբունքով՝ տնօրենը, ՊՈԱԿ-ի ղեկավարը ունի լիակատար լիազորություններ եւ իր ցանկությունից է կախված՝ կընդունի՞ այդ գեղարվեստական խորհրդի գաղափարը, թատերական միտքը, թե՞ չի ընդունի: Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, պետք է ի վերջո հասկանալ, որ թատրոնը պարզապես հիմնարկ չէ, այն չի կարող լինել անհետաքրքիր՝ թատերական գաղափարի տեսակետից, այլ հարց է, թե ինչքանով է դա հաջողվում: «Մենք ունենք անհրաժեշտությունը, որ մեր երիտասարդ, հետաքրքիր թատերական գաղափար ունեցող ուժերը արտահայտվելու տեղ ունենան:

 

Եվ եթե դուք սխալվելու իրավունք չունեք, ուրեմն՝ ընդհանրապես չունեք ոչ մի իրավունք: Չի կարելի թատրոնի անձնակազմի վրա թողնել հարցեր որոշելը, քանի որ երբեք էլ գեղարվեստական հարցերը մեծամասնությամբ չեն լուծվում: Արդյունքում, ստեղծված իրավիճակը տնօրենին հնարավորություն է տալիս մարդկանց ընդունել-ազատել աշխատանքից, իսկ այն նվազագույն սոցիալական նպաստները, որ ստանում են այնտեղ աշխատող մարդիկ, կարող են չստանալ, ստիպված այս ամենը իրենց դարձնում է ղեկավարի ստրուկները»,- պարզաբանում է բեմադրիչը: Ռուբեն Բաբայանը նույնպես համոզված է, որ թատրոնի տնօրեն նշանակելիս կամ ընտրելիս միայն համապատասխան թեստի հաղթահարումը բավարար չէ: Լինելով այդ հանձնաժողովի անդամ, մեր զրուցակիցը նշում է. «Մարդը (Վարդան Գրիգորյանը-Գ.Հ.) չինովնիկ է եղել, աշխատել է, եւ կարծես թե որեւէ վատ բաներով աչքի չի ընկել: Ի՞նչ իրավունքներով կարելի է մերժել, եթե կա միայն մի թեկնածություն, որը 100% պատասխանել է թեստային բոլոր հարցերին: Մարդը մի քանի տարի նախարարությունում ղեկավարել է համապատասխան ոլորտը, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ, մեր թատրոնների ղեկավարների մեծ մասն այդ ճանապարհն են անցել:

 

Ես կարծում եմ, որ այս համակարգը պահանջում է վերանայել ամբողջ այդ պրոցեսը: Այդպես չի՛ կարելի, թատրոնի գլխին պետք է կանգնի թատերական ուղեղ ունեցող անձնավորություն, թատրոնի ղեկավարը պետք է որոշակի թատերական գաղափարներ բերի… Այսքան ներկայացում ենք խաղացել, այսքան հանդիսատես ենք սպասարկել, այսքան զուգարան եք կառուցել՝ մի՞թե սա է թատրոնը: Ցավոք, մենք երկրորդական հարցերը դարձնում ենք առաջնային, իսկ առաջնային հարցը որոշելու համար չափորոշիչ չունենք: Եվ հաճախակի տնօրեն է ընտրվում կամ նշանակվում ամենահարմար մարդը»:

 

Ռուբեն Բաբայանը մեջբերեց Մարգարետ Թետչերի այն արտահայտությունը, որ պետական փող չկա, կա հարկատուի վճարած հարկ: Հետեւաբար հարկատուին պետք է հարցնել՝ ի՞նչ թատրոնի համար է պատրաստ հարկ մուծել, այնպիսի թատրոնի՞, որը հետաքրքիր, ճանաչելի է Հայաստանում եւ աշխարհում, ընդհանուր թատերական պրոցեսի մեջ է, թե՞ պատրաստ է վճարել ընդամենը որոշակի սոցապահովություն, որ թատրոնով զբաղվող մի խումբ մարդիկ մի փոքր սոցիալապես իրենց ապահոված զգան:

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ