Պաշտոնական - Այսօր տեղի ունեցավ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը

 Այսօր Երևանում կայացել է հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Վաչե Գաբրիելյանի և ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ:

 

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության առաջընթացը՝ միտված համատեղ փոխգործակցության խորացմանը:

 

Ողջունելով հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքին ՀՀ կառավարությունում, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ երկու կողմերը ակտիվ աշխատանքներ են տարել ֆինանսական, Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների («բաց երկնքի» քաղաքականության), արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի նախատեսվող անդամակցության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:

 

​ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը շարունակում է մնալ որպես կարևոր հարթակ փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցերի շուրջ աշխատելու համար: Ինչպես նշել է Բրիջիթ Բրինքը իր գործընկեր, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ համագործակցության շրջանակում, իր ուշադրությունը բևեռված է տնտեսական կապերի խորացման ուղիների վերհանմանը, ԱՄՆ աջակցության հասցեականությանը, հետագա երկկողմ առևտրին ու ներդրումներին և շուկայական բարեփոխումների խորացմանը Հայաստանում: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերը իրական հաջողություններ են գրանցել էներգետիկայի, հանքարդյունաբերության և տուրիզմի ոլորտներում: Ի լրումն դրա, նաև մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերին:

 

Հիշեցնենք, որ հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է Երևանում, 2015 թվականի նոյեմբեր ամսին:

Կողմերը պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա վերջին, ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում:

 

 

Հայաստանի Հանրապետության
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ