Տնտեսություն - Կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

Ըստ հիմնավորման՝ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, այդ թվում նաև վերը նշված քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է շարունակել ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը:

 

 

Հիմնադրմանը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կհանդիսանա կառավարության մոտեցումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն իրականացնելու գինեգործության ռազմավարությունով ամրագրված զարգացման ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը կարևորելով որոշման ընդունումն՝ ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունից լուրջ արդյունքներ է ակնկալում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ